Դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը բազմաթիվ կանանց սրտեր է գերել: esyes.am-ը դերասանի հետ զրուցել է կանանց, նրանց բնավորությանը բնորոշ գծերի, առեղծվածային լինելու և Աշոտի համար կանանց իդեալի մասին:
-Ընդունու՞մ եք, որ կանայք առեղծվածային են:
-Այո, միանշանակ: Կանանց մինչև վերջ հասկանալ հնարավոր չէ և ամբողջ հետաքրքրությունը դրանում է: Կինն իր էությամբ այնպիսին է, որ չի կարող սառը լինել: Յուրաքանչյուրն ունի իր ջերմությունը, որը տղամարդը պետք է բացահայտի:
-Ըստ Ձեզ' հասկանու՞մ եք կանանց հոգեբանությունը:
-Կարծում եմ' այո, բայց չգիտեմ՝ որքանով է դա ինձ հաջողվում: Ես գիտակցում եմ, որ հնարավոր չէ նրանց լիովին հասկանալ, ինչն ինձ շատ է նյարդայնացնում:
-Իսկ կինը միայն տղամարդկանց համա՞ր է առեղծվածային: Այլ կանայք, օրինակ, նրա ընկերուհիները, կարո՞ղ են բացահայտել կնոջը, թե՞ ոչ:
-Լինում են նման դեպքեր, սակայն դա արդեն վերածվում է «լեսբի շոուի»: Եթե կինը տղամարդու փոխարեն մի կնոջ է գտնում, ով կարողանում է բացահայտել իր էությունն ու ներաշխարհն այնպես, ինչպես ինքն է ուզում և զգում, նշանակում է, որ նա սիրահարվել է իր ընկերուհուն:
-Կցանկանայի՞ք աղջիկ ծնվել:
-Եթե աղջիկ ծնված լինեի, լեսբուհի կլինեի, որովհետև սիրահարվելու էի իմ նախկին ընկերուհուն: Արդյունքում' տխուր պատմություն կստացվեր:
-Կնշե՞ք հինգ հատկանիշ, որ Ձեզ ամենից շատ է գրավում կանանց մեջ:
-Առաջինը կարևորում եմ աչքերի արտահայտությունը, ինչը բնութագրում է կանանց ներքինը, երկրորդը՝ շուրթերն են, որոնք պետք է մի քիչ հաստ լինեն: Կարևոր է նաև կազմվածքը, չեմ սիրում շատ նիհար կանանց, որովհետև բռնելու տեղ չկա (ծիծաղում է – հեղ.): Որպես չորրորդ հատկանիշ՝ կնշեմ կանանց մտածելակերպը: Նրանք պետք է հասկանան, թե ինչպես կարելի է տղամարդկանց բավարարել ու գոհացնել: Հինգերորդը կարող եմ չնշել, որովհետև այս չորսն ինձ ամբողջովին բավարարում են:
-Նախընտրում եք բնականությա՞մբ, թե՞ շպարված կանանց:
-Իհարկե բնականությունը. եթե կինը կարողանում է առանց շպարի կամ քիչ շպարված տեսքով գրավել տղամարդուն, դա արդեն հաջողություն է:
-Ի՞նչ գույնի վարսերով կանանց եք նախընտրում:
-Կարող է կոպիտ հնչել, բայց մինչ ամուսնանալն ու երեխա ունենալը ինձ համար միևնույնն է, իսկ երեխա ունենալուց հետո գերադասելի են մուգ կարմրավուն վարսերը: Սանրվածքը կարևոր չէ:
-Իսկ ի՞նչ գույնի աչքերով:
-Միայն ոչ կանաչ:
-Ի՞նչ եք նախընտրում, որ կանայք Ձեզ նվիրեն:
-Սեր, հոգատարություն, փոխադարձ հարգանք:
-Հետաքրքիր է, Դուք ի՞նչ եք նվիրում կանանց:
-Ծաղիկներ, զգացմունքներ, սեր…
-Ինչպե՞ս եք վերաբերում այն հանգամանիքն, որ կինն ավելի շատ է վաստակում, քան տղամարդը:
-Դեռևս մ.թ.ա. տղամարդն է եղել որս անողն ու վաստակողը: Ինչպե՞ս կարող է կինը գնալ, որս բերել ու կերակրել իր ամուսնուն: Աստված չանի, որ ինձ հետ նման բան լինի, ես չեմ կարող նման բան մարսել: Կինը կարող է միայն օգնել տղամարդուն, օրինակ, կոմունալ ծախսերը վճարելու հարցում, սակայն հիմնական ծախսը պիտի տղամարդն անի:
-Հայտնի խոսքն ասում է՝ «Տղամարդը կարող է երջանիկ լինել կնոջ հետ, քանի դեռ չի սիրում նրան», իսկ Դուք ի՞նչ եք կարծում:
-Առանց սիրելու չես կարող երջանիկ լինել կնոջ հետ: Եթե ես ինչ-որ մեկին կարող եմ սիրել, նշանակում է՝ կարող եմ նաև հարգել: Եթե տարիների ընթացքում սերը թուլանա, ապա գոնե հարգանքը կմնա:
-Ինչպե՞ս կարող են տղամարդիկ ապացուցել կնոջն իրենց սերը:
-Ոչ թե խոսքերով, այլ քայլերով, զգացմունքները ցույց տալով: Ես ճիշտ չեմ համարում այն, որ շատ տղամարդիկ ծաղիկներ են գնում, անակնկալներ մատուցում, խոսքեր շռայլում, բայց իրականում ոչ մի զգացմունք չունեն: