Արցունքն ինքնին շատ հետաքրքիր երևույթ է: Այն նախ և առաջ հոգեկան տխուր և հուզումնառատ ներաշխարհի ինքնաարտահայտման վերջին փուլն է, բայց նաև հետաքրքիր ֆիզիոլոգիական դրսևորում:
Ֆիզիոլոգիական տեսանկյունից գոյություն ունեն 3 տեսակի արցունքներ: Առաջիններն անընդհատ անջատվում են մեր աչքերից շատ փոքր քանակով: Դրանք պաշտպանում են աչքերը փոշուց և բակտերիաներից: Երկրորդ տեսակի արցունքները տեսնելու համար բավական է սոխ կտրատել: Ցանկացած առողջ մարդու մոտ սոխ կտրատելուց առանձնանում են ռեֆլեկտորային արցունքներ: Երրորդ տեսակի արցունքները բոլորին քաջ ծանոթ զգացմունքային արցունքներն են: Հետաքրքիրն այն է, որ այդ երեք տեսակներն իրարից խիստ տարբերվում են քիմիական բաղադրությամբ, իսկ զգացմունքային արցունքները կարելի է տարբերել նույնիսկ հոտով: Միայն մարդուն հատուկ արցունքի այս տեսակը թույլ է տալիս թեթևանալ հոգեկան բարդ իրավիճակներում' հանդիսանալով սթրեսաթափ անող յուրատեսակ միջոց:
Ըստ հոգեբանների՝ սիրո ու դրա հետ եկած ողջ զգացմունքային փաթեթի պատճառով աշխարհում լաց է լինում կանանց 41%-ը, իսկ տղամարդկանց՝ 22%-ը: Վերջիններս հիմնականում չեն խոստովանում դրա մասին, քանի որ հասարակության մեջ ընդունված է, թե տղամարդիկ չեն արտասվում կամ չպետք է արտասվեն: Չարտասվելու և չթեթևանալու պատճառով էլ տղամարդկանց շատ ավելի հաճախ են հետապնդում սիրտ-անոթային հիվանդությունները:
Լացի եւ արցունքների՝ մարդու առողջության վրա ունեցած ազդեցությունը հետազոտած ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի գիտնականները պնդում են, որ լացը մարդու օրգանիզմի վրա նույնքան դրական է ազդում, որքան ծիծաղը: Իսկ Մինեսոթայի համալսարանի գիտնականները պարզել են, որ արցունքների հետ մարդու միջից բառացիորեն դուրս է գալիս սթրեսը, և դրանից բացի, լացելիս խորը շունչ քաշելը նպաստում է սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակի նվազմանը։
Ներկայացնենք արցունքի մասին մի քանի հետաքրքիր փաստեր:
1. Ողջ կյանքի ընթացքում մարդն արտադրում ենք մոտ 70 լիտր արցունք:
2. Կանայք տղամարդկանցից 5-6 անգամ ավելի են արտասվում, ինչը պայմանավորված է կանանց օրգանիզմում ավելի շատ արցունքների արտադրումը հրահրող հորմոնով:
3. Կանանց 49%-ը լացում են միջինում շաբաթը մեկ անգամ:
4. Եթե մարդու առաջին արցունքն ընկնում է աջ աչքից, ուրեմն դա երջանկության արցունքներ են, իսկ եթե ձախ աչքից, ապա գործ ունենք տխրության հետ:
5. Տղամարդկանց արցունքների ծորանն ավելի փոքր է, քան կանանց:6. Սթրեսի գլխավոր հորմոններից մեկը' պրոլակտինը, դուրս է գալիս մարմնից արցունքների միջոցով:
Սոնա Հակոբյան