Այս անգամ ArmStar.am-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել մոդել, մանեքենուհի, իրավաբան Մարինա Թունյանը, ով իր լսարանին առավել հայտնի է Մարիկա անունով: Այս երիտասարդ ու վառ անհատականությունն «առողջ մարմին, առողջ հոգի» կարգախոսն է հիշեցնում, երբ նայում ենք նրա սլացիկ, գեղեցիկ ու ներդաշնակ մարմնին ու լսում նրա խելացի խոսքն ու դատողությունները: Մարիկան նպատակասլաց է, այն բացառիկ մարդկանցից է, ով առանց կողմնակի մարդու միջնորդության դեռևս փոքր տարիքից կերտել է իր ուղին ու աստիճանաբար բարձրանում է: Սա Մարիկայի աշխատասիրության ու աշխատանքը սիրելու արդյունքն է: «Ես բավականին վաղ տարիքում' 14 տարեկան հասակում սկսել եմ աշխատել որպես մանեքենուհի, իսկ աշխատել ասելով ես ի նկատի ունեմ կատարած աշխատանքի դիմաց գումար վաստակելը:

Ամեն ինչ սկսվեց տեղական գեղեցկության մրցույթից, որին մասնակցելու ինձ տարավ մայրիկս, երբ 13 տարեկան էի: Առաջին մրցույթում ոչ մի տեղ չզբաղեցրի, բայց ինձ նկատեցին այդ տարիներին դեռ գործող Հայաստանի նորաձևության տան գործակալները և առաջարկեցին մասնակցել ցուցադրությունների: Երբ ստորագրում էի պայմանագիրս, նկատեցի, որ մասնակցության դիմաց գումար է նշված և հարցրի' արդյոք ե՞ս եմ վճարելու…, գործակալները ժպիտով նշեցին, որ իհարկե ոչ, մենք ենք ձեզ վճարելու»:

Մարիկան կարծում է, որ իր անցած ուղին թերի է, ոչ լիարժեք և որ անելու, տեսնելու ու սովորելու դեռ շատ բան ունի: «Ինձ թվում է ցանկացած մասնագիտության մեջ կարևորը դեպի առաջ ձգտումն է: Չի կարելի սահմանափակվել նվաճումներով, ամեն օր պետք է ձգտել նոր բան սովորել, այլապես կյանքը հետաքրքիր չի լինի, համենայնդեպս ինձ համար»:

Չնայած Մարիկան բավական համեստ է արտահայտվում իր անցած ճանապարհի մասին, այնուամենայնիվ հիշեցնենք, որ սկսած 2007 թվականից, մոդելը պարբերաբար տարբեր երկրներում մասնակցում է գեղեցկության միջազգային մրցույթների և ոչ մի տեղից ձեռնունայն չի վերադառնում, բազմիցս արժանացել է առաջին մրցանակի, հաղթողի, լավագույն մոդելի տիտղոսներին:

Մինչ օրս էլ Մարիկան արտասահմանից մրցույթների մասնակցության ու համագործակցության առաջարկներ է ստանում, բայց մերժում է դրանք: «Այժմ ես ավելի քիչ եմ ճանապարհորդում, քանի որ ունեմ հիմնական աշխատանք, որը պահանջում է իմ մշտական ներկայությունը Հայաստանում: Կան առաջարկներ արտերկրից, որոնք հիմնականում մրցութային բնույթի են և երկարատև բացակայություն են պահանջում, ինչն այժմ ինձ հարմար չէ: Ես մեծ հաճույքով շարունակում եմ համագործակցել հայազգի դիզայներների հետ, ովքեր վերջին շրջանում շատ ակտիվ են, հետաքրքիր հավաքածուներ են ստեղծում, ինչն ինձ շատ է ուրախացնում»:

Չնայած մրցույթների ընթացքում մրցակիցների շատ է հանդիպել, այնուամենայնիվ մանեքենուհի Մարիկան ինքն իրեն է մրցակից համարում: «Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր մարդու ամենալուրջ մրցակիցը հենց ինքն է, ավելի շուտ իր վախերն են: Եթե կարողացար հաղթել սեփական վախն ու անվստահությունը, ուրիշ անձի մեջ մրցակից չես փնտրի և չես գտնի, միայն ընկերներ կգտնես»:

Մարիկան «օրվա մարդ է»: «Անչափ ընկերասեր եմ: Սիրում եմ, երբ շուրջս սիրելի մարդիկ են, ընկերներս: Համարում եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է ձգտի ուրախ ապրել իր ամեն մի օրը, քանի որ ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի վաղը»:

Մարիկան իր հաջողությունների ուղին կերտելիս փորձել է նաև հիմնել մի փոքրիկ բիզնես' կապված իր հոբբիի' մոդելինգի հետ: ArmStar.am-ի այն հարցին, թե ինչ պլաններ կան բիզնեսի զարգացման հետ կապված, Մարինան պատասխանեց. «Այս հարցին կանդրադառնանք, երբ ամեն բան ստացվի այնպես, ինչպես ես եմ ուզում» (ծիծաղում է):

Մեզ հետ զրույցի ընթացքում Մարիկան շատ լավատեսորեն էր խոսում ցանկացած երևույթի մասին ու նաև ավելացրեց, որ հաջողության հասնելու իր բանալին միայն ու միայն դրական վերաբերմունքն է այն ամենին, ինչն իրեն շրջապատում է: Մարիկայի կյանքում մեծ կարևորություն ունի ծնողների, սիրելիի ու ընկերների կարծիքը: «Ես շատ ուշադիր եմ ինձ հարազատ մարդկանց կարծիքների նկատմամբ: Երբ ինչ որ հարցում խորհուրդի կարիք եմ զգում' նրանց եմ դիմում, փորձում ենք միասին լուծում գտնել և ես շատ շնորհակալ եմ, որ նրանք չեն պարտադրում իրենց տեսակետները, այլ թույլ են տալիս, որ վերջնական որոշումը իմը լինի»: Սիրելիի ու անձնական կյանքի մասին ArmStar.am-ի հետաքրքրությունները, սակայն, մանեքենուհին բավարարեց մասամբ. «Եկեք շրջանցենք այս հարցը, քանի որ ամեն ինչ շատ լավ է, իսկ նորություններ էլ առայժմ չկան» (ժպտում է):

Մարիկան ունի կյանքի կարգախոս' «Ինչպես ասել է Մարկ Տվենը «Մահվան շեմին մենք միայն երկու բանի համար կարող ենք զղջալ' որ քիչ ենք սիրել և քիչ ենք ճանապարհորդել»:

Աշխատում եմ առնվազն այդ երկու սխալը թույլ չտալ»:

Առհասարակ հասարակության մեջ կա կարծրատիպ, որ գեղեցիկ կանանց շարքերում հազվագյուտ են լինում խելացիները, սակայն Մարիկայի հետ զրույցի ընթացքում մեզ համար կոտրեցինք այդ կարծրատիպը: Անձամբ Մարինան իդեալական կնոջ կերպարը չի բնութագրում արտաքին հատկանիշներով: «Ինձ համար իդեալական է կիրթ, ինքնավստահ, կայացած, սիրված կինը, ով ընդունված և հասկացված է իր սիրելի ամուսնու, երեխաների, ընկերների և գործընկերների կողմից»:

ArmStar.am-ը փորձեց պարզել նաև, թե արդյոք Մարինան իրեն հաջողակ է համարում. «Ես համարում եմ, որ հաջողակ մարդ լինելը ծանր և ամենօրյա աշխատանք է: Մեր դարում հաջողությունն անընդհատ շարժում է դեպի նոր նպատակներ և միայն նրանից հետո, երբ հասնում ես բոլոր դրված նպատակներին կարող ես ինքդ քեզ կոչել հաջողակ: Ես հուսով եմ, որ կկարողանամ Ձեր հարցին դրական պատասխանել, երբ կլինեմ 50 տարեկան»:

Զրուցեց' Աշխեն Մնացականյանը