Համազգային թատրոնի բեմում ապրիլի 11-ին ներկայացվել է “L’ultima cena”-ն: Լեոնարդո դա Վինչիի “Խորհրդավոր ընթրիք” կտավը կենդանացել է բալետմայստեր Աիդա Սիմոնի ջանքերով:

 

Պարային բեմադրության մեջ հանդես են գալիս Սուսաննա Զոհրաբյանը, որը հայտնի է “Պարիր, թե կարող ես” մրցույթից, Մերի Ավետիսյանը, Անգելա Բեյբությանը, Օլգա Ավդալյանը, Մերի Գալստյանը եւ, իհարկե, Աիդա Սիմոնը' հաջորդաբար մարմնավորելով Հիսուս Քրիստոսին ու Պետրոս, Հակոբոս, Հովհաննես, Փիլիպպոս, Հուդա առաքյալներին:

 

“L’ultima cena”-ի մտահղացման հեղինակ եւ ռեժիսոր, ինչպես նաեւ հագուստների համահեղինակ Աիդա Սիմոնի փոխանցմամբ' պարուհիների պակասի պատճառով բեմադրությունում բացակայում են կտավի բոլոր հերոսները.“Մեկ անգամ 8 հոգով ենք հանդես եկել, իսկ այսօր վեցս էինք: Կարելի է ասել, որ կրկին պրեմիերա էր, քանի որ բեմադրությունը մի շարք փոփոխությունների է ենթարկվել”:

 

Աիդան, որը նաեւ Հուդայի դերակատարն է, BRAVO.am-ի հետ զրույցում նշել է' մեծ ոգեւորվածությամբ է մարմնավորել արական, այն էլ' բացասական կերպար. “Հավատացեք' բացասական կերպար մարմնավորելն ավելի հետաքրքրիր գործընթաց է: Սակայն այս բեմադրության մեջ Հուդան ամբողջությամբ բացասական չէ, նա պարզապես մարդկային է”:

 

Մեր հարցին, թե արդյոք բալետմայստերը չի վախենում թեմայի վերաբերյալ քննադատություններից, Աիդան պատասխանել է.“Ամենեւին, քանի որ ես արվեստագետ եմ եւ իրավունք ունեմ իմ սեփական աշխարահայցքն ու աշխարհընկալումն ունենալ”: