Ամերիկացի ճանաչված ռեփեր Ջեյ Զին յուրահատուկ պատասխան է տվել Կուբա կատարած այցելության պատճառով իր և կնոջ՝ Բեյոնսեի հասցեին հնչող քննադատություններին։
Ինչպես նշում է РИА-Новости-ն, ռեփերը պատասխանել է նոր երգով (Open Letter, «Բաց նամակ»), որում մեղադրել է Հանրապետական կուսակցության մի շարք կոնգրեսականների ստախոսության և փաստերի խեղաթյուրման համար։
«Ուզում են տուգանել ինձ ու բանտ նստեցնել՝ շատ լավ, բայց նախ ես իրոք պետք է հանցագործություն կատարեմ։ Ես սիրում եմ կուբացիներին, իսկ կոմունիզմի մասին խոսակցությունները շատ հեռու ու մշուշոտ են», -իր կատարման մեջ ասել է Ջեյ Զին։
Բացի այդ, նա հավելել է, որ Կուբայի այցի մասին տեղյակ է եղել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, սակայն Սպիտակ տունը հերքել է այս տեղեկությունը։
Մինչ այդ, Միացյալ Նահանգների ֆիննախը տեղեկացրել է, որ ամուսնական զույգի այցն օրինական է եղել և իրականացվել է կրթամշակութային փոխանակման ծրագրի շրջանակներում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ջեյ Զին և Բեյոնսեն իրենց ամուսնության 5-րդ տարեդարձի կապակցությամբ մի քանի օրով մեկնել էին Կուբա, ինչը զայրացրել էր հանրապետական կոնգրեսականներին, ովքեր խնդրագիր են ուղարկել Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարություն՝ պահանջելով բացատրել, թե ո՞վ և ի՞նչ նպատակով է թույլ տվել զույգին այցելել Կուբա, որի նկատմամբ ԱՄՆ-ն տնտեսական պատժամիջոցներ է կիրառում։