Նախօրեին Super.ru-ի Telegram-յան ալիքը հրապարակում էր արել, թե դժգոհ հաճախորդը բացահայտել է հայտնի բլոգեր Գոհար Ավետիսյանի խարդախությունը։ Դիմահարդար Քսենիա Աբաշեւան նախորդ տարվա նոյեմբերին 69 900 ռուբլիով ձեռք է բերել Ավետիսյանի «Бьюти-спец 2.0» դասընթացը եւ չի ստացել խոստացված տեսադասերը։ Այդ ժամանակվանից սկսած դասընթացի մեկնարկի ժամկետը մշտապես հետաձգվել է, եւ Աբաշեւան այլեւս մտադիր չէ սպասել։

Այս հարցին իր միկրոբլոգի Stories բաժնում անդրադարձել է Գոհար Ավետիսյանը, որը հերքել է տեղեկությունը, ապա հավելել՝ տվյալ խնդրին ծանոթ է, իրենք վաղուց կապ են հաստատել աղջկա հետ եւ նա ոչ մի պահանջ չունի։ Հրապարակումն արվել է առանց նրա իմացության։ Դիմահարդարը հրապարակել է նամակագրությունից մի հատված, որում ասվում է, որ Քսենիա Աբաշեւան խնդրել է հեռացնել հրապարակումը, սակայն Գոհարի հանդեպ ունեցած անբարյացկամ վերաբերմուքի պատճառով խմբագրությունում հրաժարվել են դա անել։

«Իմ իրավաբանական բաժինն արդեն զբաղվում է այս հարցով։ Սակայն ես որոշել եմ սեփական հետաքաննությունն անցկացնել», - գրել է Ավետիսյանը։

Հայտնի դիմահարդարը նաեւ խոսել է պատճառների մասին․ ամիսներ առաջ նա հրաժարվել է հարցազրույց տալ կայքին, քանզի, ինչպես ինքն է ասում՝ չի սիրում եւ չի ցանկանում։ Նրա կարծիքով վրեժ են լուծում։

«Վիրավորական է, երբ տարիներ շարունակ աշխատում ես, ստեղծում ես քո անունը, ամեն ինչ անում ես անկեղծ եւ ի սրտե, մաքսիմալ անկեղծ ես լինում մարդկանց հետ, եւ չգիտես ինչու այս կերպ փորձում են սեւացնել անունդ», - եզրափակել է Գոհար Ավետիսյանը։