Այսօր հայկական էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ վաղը' ապրիլի 11-ին, ՀՀ Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպությանը 10 տարի ժամկետով անհատույց Երևանի Տիգրան Մեծ 26ա հասցեում գտնվող 53 դպրոցի երրորդ հարկը՝ 487.5 քառ. մետր տարածքով տրամադրելու հարցը:
Ըստ «Նունե Եսայան» կազմակերպության ներկայացրած ծրագրի' այն նպատակ ունի հիմնել ուսումնական կենտրոն, որտեղ գործելու են անվճար խմբակներ հայոց լեզվի, օտար լեզվի, մաթեմատիկայի, երգի, պարի ուղղությամբ: Երեխաները կսովորեն տարբեր արհեստներ, կայցելեն մշակութային օջախներ, իսկ ամառային արձակուրդները կանցկացնեն ճամբարներում:
Այս մասին խոսեցինք Նունե Եսայանի հետ, ով esyes.am-ին ասաց, որ լրատվամիջոցները գրում են'ինչ ուզում են, և ինքն առայժմ չի ցանկանում խոսել այս մասին: Երբ ամեն ինչ հստականա, այն ժամանակ ինքը կպատմի մանրամասները:
Փորձեցինք մանրամասներ ճշտել նաև ՀՀ Կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սուսաննա Տոնոյանից: Երբ նրան զանգահարեցինք, ասաց, որ նիստի է և խնդրեց ավելի ուշ զանգահարենք, ինչից հետո մեր զանգերն անպատասխան մնացին:
Առաջիկայում կփորձենք պարզաբանում ստանալ թեմայի մասին և ընթերցողներին ներկայացնել այլ մանրամասներ: