Երգչուհի Սյուզան Մարգարյանն այսօր առավոտյան արդեն հասցրել է շնորհավորանքներ ու ծաղիկներ ստանալ սիրելի դստեր՝ Սիրոշոյի և ամուսնու՝ Հրաչյա Հարությունյանի կողմից: «Նրանք միշտ իմ հանդեպ առանձնահատուկ ուշադիր են, ոչ միայն տոների ժամանակ, ինչի համար ես շատ զգացված եմ ու շատ շնորհակալ եմ նրանց: Գիտեմ նաև, որ դեռ անակնկալներ են սպասվում»: Սյուզանը նշեց նաև, որ ամեն տարի տարբեր կերպ է նշվում ապրիլի յոթը: «Լինում են տարիներ, որ այս օրերին զբաղված ենք լինում, երբ լինում են հրավերներ, միջոցառումներ…, բայց միամսյակ ասվածը հարմարեցնում է այն առումով, որ կոնկրետ մի օր չենք նշում»: Սյուզան Մարգարյանը ArmStar.am-ի հետ զրույցի ընթացքում հիշատակեց նաև Սիրուշոյի ու Դորիանսի երեկվա համերգի մասին. «Ինձ համար շատ մեծ նախատոնական նվեր էր աղջկաս երեկվա համերգը: Ես մինչև հիմա ցնցված եմ երեկվա իմ ունեցած տպավորություններից, զգացողություններից, ինձ համար դրանից մեծ նվեր չէր կարող լինել: Ես ինքս այնտեղ ներկա էի որպես հանդիսատես, և յուրաքանչյուր բան անակնկալ էր նաև ինձ համար»: Երգչուհին նշեց, որ այսօր երեկոյան պատրաստվում են ընտանեկան միջավայրում տոնել ապրիլի 7-ը:
Ալլա Լևոնյանն արդեն փորձառու մայրիկ է և հիմա էլ սպասում է իր երրորդ բալիկին: ArmStar.am-ը շնորհավորեց նրան մայրության և գեղեցկության տոնի առթիվ ու հետաքրքրվեց, թե ինչ շնորհավորանքներ ու նվերներ են սպասվում երգչուհուն: «Այսօր առավոտյան ժամը իննից և' սփյուռքից, և' այստեղից անհամար շնորհավորանքներ ու զանգեր եմ ստանում: Իսկ ամենաօրիգինալ նվերն ինձ համար երեխաներս էին պատրաստել: Ինձ համար «բանտիկներ» էին պատրաստել, ոգևորված «մամա ջա~ն» և այլն և իրենց հավաքած գումարով մեր բակի խանութից ինձ համար նարգիզներ էին գնել: Սա ինձ համար ամենալավ նվերներն է: Բացի այդ, քիչ առաջ ինձ զանգահարեց Ս.Սարգիս եկեղեցու քահանա Տեր Հակոբ Խաչատրյանը: Իմանալով, որ երրորդ բալիկիս եմ սպասում և գնահատելով իմ արվեստը, ինձ Սուրբ մայրության տոնի կապակցությամբ հրավիրեց եկեղեցի օրհնելու: Սա էլ շատ օրիգինալ էր ինձ համար»,-պատմում է երգչուհին: Ամուսնուց Ալլան դեռ նվեր չի ստացել, առավոտյան շուտ է տանից դուրս եկել, իսկ ամուսինը դեռ քնած է եղել: Սակայն երգչուհին վստահ է՝ ամուսինն ամեն ինչ կանի, որ ինքն իրեն լավ զգա: «Այս պահին ամուսնուս ընկերների կանանց հետ միասին ժամանակ ենք անցկացնում, տոնում ենք, իսկ երեկոյան արդեն պարզ կլինի նաև ամուսնուս անակնկալը»:
Դերասանուհի Նոննա Գրիգորյանը պատրաստվում է մայրանալ: Դերասանուհին կարծում է, որ դեռ «լիարժեք» մայրիկ չէ: «Բոլորը զանգում, շնորհավորում են, ես որոշակի վերպահումով եմ մոտենում այս տարվա շնորհավորանքներին, քանի որ դեռ լիարժեք մայրիկ չեմ, չնայած բոլորն ասում են, որ սխալվում եմ: Հիմա մի փոքր լարված եմ, որովհետև արդեն հղիությանս վերջին օրերն են, սպասողական վիճակ է»: ArmStar.am-ը Նոննային ու բալիկին առողջություն մաղթեց: «Ճիշտն ասած այսօր ամուսնինս քաղաքում չէ, ես սպասում եմ նրա վերադարձին, ինչու չէ նաև շնորհավորանքին ու նվերին»,-ծիծաղելով ավելացրեց Նոննան:
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը նորաթուխ մայրիկ է: Դերասանուհուն իր ամուսինը շնորհավորել է դեռևս գիշերը ժամը 00-01-ին: «Գիշերը իմ շատ սիրելի ամուսինը ինձ շնորհավորեց ծաղիկներով, հենց այդ պահից զգացի, որ իմ տոնն է: Քույրերիս ու մայրիկիս դեռ չեմ հանդիպել, չգիտեմ, թե նրանց կողմից ինչ անակնկալ է սպասվում, բայց ինքս նրանց համար պատրաստել եմ նվերներ: Ինչ վերաբերվում է ապրիլի 7-ը տոնելուն, ապա ասեմ, որ ամուսինս ինձ երեկոյան տեղ է հրավիրել, գնալու ենք ուրախանալու և նշելու»,-ուրախությամբ պատմեց Անահիտ Կիրակոսյանը:
Հաղորդավարուհի Նարինե Սուլթանյանի օրն սկսվել է աշխատանքային պրոցեսով, իսկ կավարտվի ամուսնու հետ նշելով: Նարինեն ArmStar.am-ի հետ զրույցում ամենահիշվող նվերը չմտաբերեց, քանի որ միշտ էլ իր մայրիկին աշխատում է նվերներ անել."Բայց եթե մայրիկիս հարցնեմ՝ ինչ նվեր է ուզում, միանշանակ կպատասխանի թոռնիկներ", անկեղծացավ հաղորդավարուհին,."Մայրիկս միշտ ասում է իր երեխաներին բարձունքում տեսնելը դա իր համար ամենալավ նվերն է:Իսկ այսօր օծանելիք եմ նվիրելու մայրիկիս":