MTV-ի եւ «Муз-ТВ»-ի հաղորդավար Archie-ն (իսկական անունը Արթուր Ցվետկով) սկանդալ է բարձրացրել Մոսկվայի ֆասթֆուդի ռեստորաններից մեկում։ Նա հարձակվել է ղրղս աշխատակցի վրա այն պատճառով, որ վերջինս Ցվետկովին նկատողություն է արել միանգամյա օգտագործման դիմակը սխալ կրելու համար։ Kloop-ի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին։
Հաստատության աշխատակցի խոսքով՝ Ցվետկովը սկսել է կոպտել պաշտպանիչ դիմակ կրելու խնդրանքի պատճառով, ինչից հետո նկատողության համար հարձակվել է աշխատակիցներից մեկի վրա։ Հրապարակված տեսանյութում շոումենը վիրավորում է տղամարդուն ու սպառնում Ռուսաստանից արտաքսումով։ «Ես քեզ հիմա կարտաքսեմ երկրից։ Դու գիտե՞ս, թե ում հետ ես խոսում։ Որտեղի՞ց ես այստեղ հայտնվել»,- ասել է Ցվեկտովը։ Հոլովակում նաեւ երեւում է, թե ինչպես են տղամարդիկն սկսում կռվել։
Ավելի ուշ Ցվեկտովը ոստիկանության աշխատակիցների է հրավիրել ու հաղորդում գրել։ Այդ պահը եւս հայտնվել է տեսագրությունում։ Instagram-յան իր էջում հեռուստահաղորդավարը հայտնել է, որ գործը փոխանցվել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարություն։
Նրա խոսքով՝ իր հետ կապ է հաստատել հաստատության սեփականատերն ու ներողություն խնդրել անձնակազմի պահվածքի պատճառով։ «Խոհարարն առհասարակ իրավունք չունի խոսելու հաստատության հյուրերի հետ, նա պետք է գտնվի իր աշխատավայրում»,- հավելել է հաղորդավարը։