Ամերիկյան «New York Daily Mail» պարբերականը բավական հետաքրքրական փաստ է հրատարակել աշխարհահռչակ երգչուհի Մադոննայի վերաբերյալ:
«Փոփ թագուհի Մադոննան ունի երկրպագուների հսկայական բանակ, սակայն նրա օտարացած եղբայրը' Էնտոնի Չիկոնեն, դրանց թվում չէ»,- գրում է «New York Daily Mail»-ը:
Պարբերականը նշում է, որ 56-ամյա Է. Չիկոնեն անտուն է և ունի ալկոհոլային կախվածություն: Նա ապրում է Միչիգանի նահանգի Թրևերս քաղաքի ցուրտ փողոցներում արդեն 3 տարի:
«Daily Mail»-ը զրուցել է երգչուհու եղբոր հետ, ով մասնավորապես ասել է. «Մադոննան թքած ունի, թե արդյոք ես ո՞ղջ եմ, թե՞ մեռած: Նա ապրում է իր աշխարհում: Ես երբեք չեմ սիրել նրան, իսկ նա երբեք ինձ չի սիրել»:
Հետաքրքիր է, որ այն վայրը, որտեղ գոյատևում է Էնտոնի Չիկոնեն, ընդամենը 12 մղոն է հեռու իր ընտանեկան տնից, որտեղ ապրում են իր հայրը և խորթ մայրը:
Չիկոնեն, ով, ըստ կայքի, վերջերս նույնիսկ հայտնվել էր բանտում՝ հարբեցողության և երեխաներին հայհոյելու համար, մեղադրել է սեփական ընտանիքին' իր դեմ գործելու և իրեն չպաշտպանելու համար:
«Սակայն հարևանուհի Քեյթի Մեյթեյերը, ով աշխատում է Չիկոնե ընտանիքի խաղողի այգում, այլ բան է պատմում: Նրա աչքի առջև Մադոննան և Էնտոնիի հայրը, Էնտոնիի ծանր վիճակից թևաթափ եղած, փորձել են նրան հետ կանգնեցնել հարբեցողությունից' արգելելով նրան վերադառնալ տուն' մինչև չդադարի խմելը»,- գրում է պարբերականը:
«Daily Mail»-ը գրում է, թե կարող է տպավորություն ստեղծվել, որ 54-ամյա Մադոննան, ում կարողությունը վերջերս հասել է 1 մլրդ դոլարի, դառնում է անսիրտ և անխիղճ, երբ խոսքը գնում է նրա ավագ եղբոր մասին, սակայն երգչուհին, ըստ երևույթին, մի քանի անգամ փորձել է օգնության ձեռք մեկնել եղբորը: «Մեյթեյերն ասաց, որ գերաստղը մի քանի անգամ վճարել է եղբոր վերականգնման համար»,- նշում է աղբյուրը:
Նշենք, որ Մադոննայի անտուն եղբոր վերաբերյալ ամերիկյան մամուլն առաջին անգամ խոսել է 2011 թ., ինչը շատերին է ցնցել: Այս մասին «Daily Mail»-ի հետ զրույցում խոսել է ինքը՝ Է. Չիկոնեն, ով նշել է. «Խելագար մարդիկ ինձ հետապնդում և շրջապատում են ամենուրեք, քանի որ իմ քույրը հայտնի է»: