Վիետնամում բացառիկ վիրահատություն են արել․ մի մարդու ձեռքը փոխպատվաստել են մեկ այլ մարդու։ Նրանցից ոչ ոք մահացած չի եղել։ Տեղական մամուլը հրապարակել է զինվորական հոսպիտալում անցկացված վիրահատության մանրամասները։
«Նոր» ձեռքը «կարվել է» 31-ամյա մի տղամարդու, որն իր սեփականը կորցրել էր արտադրական վթարի ժամանակ։ Նրան վիրահատել էին, բայց ձեռքը պահպանել չէր հաջողվել, ամպուտացրել էին։
Հետո մեկ այլ վթարի ժամանակ մեկ այլ տղամարդ նույնպես նույնատիպ վնասվածք էր ստացել։ Նրա ձեռքը նույնպես հեռացվել էր, բայց պարզվել էր, որ այն ունակ է «ինքնուրույն կյանք վարել» մարմնից անկախ։ Ձեռքը, ճիշտ է, ամպուտացվել էր, սակայն դրա մի մասը դեռ հնարավոր էր օգտագործել։
Երկրորդ տղամարդու ձեռքով որոշել էին լրացնել առաջինի այն հատվածը, որ բացակայում էր։ 8 ժամ տևած վիրահատության ընթացքում բժիշկները իրար են միացրել 36 ջիղ, 2 ոսկոր, երակներ և այլն։ Արդյունքում՝ երկրորդ տղամարդու ձեռքը սկսել է աշխատել առաջին տղամարդու մարմնի հետ։ Վիրահատությունը հաջող է անցել։
Մինչ այս աշխարհում գրեթե 90 վիրահատություն է անցկացվել, երբ մահացած մարդկանց առողջ վերջույթները տրանսպլանտացրել են մեկ այլ մարդու, բայց կենդանի մարդուց այդպիսի դոնորություն դեռ չէր եղել։
Վիետնամցի բժիշկները վստահեցնում են, որ հիմա վիրահատված տղամարդու ձեռքը լիարժեք աշխատում է։