Ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը տեսահոլովակ է հրապարակել այն երգով, որը պետք է դառնա Ջեյմս Բոնդի մասին «Մեռնելու ժամանակը չէ» նոր 25-րդ ֆիլմի գլխավոր թեման՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։

Այն մասին, որ 18-ամյա Այլիշը կատարելու է ֆրանշիզայի հերթական սերիայի գլխավոր երգը, հայտնի է դարձել հունվարի կեսին: Երգչուհին ամենաերիտասարդ կատարողն է դարձել «բոնդապատումի» ողջ պատմության ընթացքում: Ավելի վաղ 007 գործակալի արկածների վերաբերյալ ֆիլմերի գլխավոր երգերը կատարել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Մադոննան և Պոլ Մաքքարթնին:

Լույս փետրվարի 14-ի գիշերը մոտավորապես չորս րոպե տևողությամբ բալլադը պաշտոնապես զետեղվել է YouTube տեսածառայությունում և այլ հարթակներում:

 

Սպասվում է, որ երգի առաջին համերգային կատարումը կկայանա փետրվարի 18-ին Լոնդոնում Brit Awards-ի արարողությանը: Բիլլի Այլիշը հայտնի է դարձել 2016 թվականի իր Ocean Eyes դեբյուտային սինգլի թողարկվելուց հետո: 2020 թվականին երգչուհին դարձել է «Գրեմմի» երաժշտական մրցանակի հաղթահերոսը՝ շահելով չորս գլխավոր անվանակարգերը՝ «Տարվա երգ», «Տարվա ալբոմ», «Տարվա ձայնագրություն» և «Լավագույն նոր կատարող»։