ԱՄՆ-ում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի և Հարվարդի համալսարանի գիտնականները ԴՆԹ-ում հազվագյուտ մուտացիաներ են գտել, որոնք պատասխանատու են սրտի կանգից առողջ մարդկանց հանկարծամահության համար: Այս մասին հայտնում է MedicalXpress պարբերականը:

Մասնագետները պարզել են սրտի հանկարծակի կանգից մահացած 600 մարդու ԴՆԹ-ի նուկլեոտիդային հաջորդականությունը, և դրանք համեմատել են հսկիչ խմբի 600 պացիենտների տվյալների հետ: Գիտնականներին այս կերպ հաջողվել է որոշել 15 գենետիկ տարբերակներ, որոնք այդ պրոցեսում առանցքային դեր ունեն:

Հետազոտողներն ուսումնասիրել են նաև միջին տարիքի 4525 մեծահասակների գեները, որոնք սիրտ-անոթային հիվանդությունների որևէ նշան չեն ունեցել, և 41 մարդու մոտ հայտնաբերել են ախտածին ԴՆԹ, որը կապված է սրտի կանգի և դրա հետևանքով մահվան հետ: Այս խմբում սիրտ-անոթային հիվանդությունների հետևանքով մահվան հավանականությունը ավելի քան 3 անգամ բարձր էր:

Գիտնականների խոսքով՝ գեներում ճակատագրական փոփոխություններն ընդհանուր առմամբ հանդիպում են մեծահասակների 1 տոկոսի շրջանում, որոնց մոտ որևիցե ախտանշաններ չեն գրանցվում:

Գիտնականների տվյալներով՝ սրտի հանկարծակի կանգից ամեն տարի մահանում է 220 հազար մեծահասակ, որոնց մեծամասնությունը սիրտ-անոթային համակարգի հետ կապված ոչ մի խնդիր չի ունեցել:

news.am