Ուշ երեկոյան ընթրիքը վտանգավոր է ոչ միայն կազմվածքի համար, այլ նաև կանանց սրտի համար՝ պարզել են Կոլումբիական համալսարանի մասնագետները:
RG-ի հաղորդմամբ՝ գիտնականները փորձ են կատարել մինչև 33 տարեկան 112 կանանց մասնակցությամբ: Հետազոտության սկզբում նրանք գնահատել են յուրաքանչյուր մասնակցի սրտի աշխատանքը, իսկ մեկ տարի անց կրկնակի հետազոտություն են անցկացրել:
Պարզվել է, որ կանանց մոտ, որոնք երեկոյան ժամը 6-ից հետո մեծ քանակությամբ կալորիաներ են օգտագործել, վատացել է սրտի աշխատանքը: Նրանք նաև բարձր ճնշում են ունեցել, մարմնի զանգվածի ինդեքսի բարձրացում, ինչպես նաև բարձր է եղել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը:
Գիտնականների խոսքով՝ նյութափոխանակությունը, ցիրկադային ռիթմերը, կորտիզոլի ու ինսուլինի մակարդակն աշխատում են այնպես, որ օրգանիզմն ի վիճակի չէ հաղթահարել երեկոյան ընթրիքների հետևանքները: Ավելին, երեկոյան մարդիկ քիչ են շարժվում, այդ պատճառով օգտագործված կալորիաները չեն ծախսվում էներգիայի վրա:
med.news.am