Ամբողջ աշխարհի դիմահարդարները կանանց կոչ են անում ընդգծել բնական գեղեցկությունը: Այդ պատճառով NEWS.am STYLE-ն ընթերցողներին ներկայացնում է բնական դիմահարդարման գաղտնիքները:
Սկսեք դեմքի տոնից: Շատ կարեւոր է, որ դեմքի տոնը հավասար եւ բնական լինի: Եթե ձեր դեմքին թերություններ կան, ապա հարկավոր է դրանք ծածկել կրեմով կամ դիմափոշիով: Օգտագործեք ջրային տեքստուրայով միջոց, քանի որ տոնային միջոցների ավելցուկը դեմքին երեւում է ոչ պակաս, քան բշտիկները, կնճիռները եւ այլ թերությունները:
Ցերեկային դիմահարդարման հիմնական շեշտը պետք է դնել կա՛մ աչքերին, կա՛մ շուրթերին: Եթե շեշտադրում եք աչքերը, շուրթերը հարկավոր է նուրբ ներկել, եւ հակառակը: Կարեւոր է հիշել, որ եթե շեշտադրել եք աչքերը, ապա շուրթերը հարկավոր է ընդգծել միայն մատիտով կամ փայլով: Իսկ եթե ընդգծված են շուրթերը, ապա աչքերի հարդարման համար կարելի է սեւաներկ օգտագործել: