Միքայել և Հասմիկ Պողոսյաններն իրենց ամուսնության օրը հարսանեկան զգեստներով այցելել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված տոնավաճառ և կատարել իրենց ընտանեկան կյանքի առաջին՝ խորհրդանշական գնումները:

 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում զույգն ասել է, որ իրենց այցը խորհրդանշական է այնքանով, որ առատություն ու բարիքներ է նախանշում, իսկ դա ամենակարևորն է նորաստեղծ ընտանիքի համար:

«Չնայած չգիտեինք, որ հարսանիքի օրը համընկնելու է «Բերքի տոն»-ին, այնուամենայնիվ որոշեցինք օգտագործել առիթը: Մեզ համար, թերևս, ամենակարևորն այն է, որ համատեղ կյանքի սկիզբն ազդարարվի ուրախ և աշխույժ մթնոլորտում, ինչի պակասն այստեղ չզգացինք»,- ասել է նորահարսը:

Վերածննդի հրապարակում զույգին շնորհավորել է գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը:

Գյուղատնտեսության նախարարը նշել է, որ նախարարության կողմից նորաստեղծ ընտանիքին անակնկալ է սպասվում: