Սաթեն Ղազարյանը հանրությանն առավել հայտնի է «Դոմինո» սիթքոմում մարմնավորած Էմմայի կերպարով։ Այս տարիների ընթացքում նրա կերպարը տպավորել և սիրվել է հեռուստադիտողների կողմից։
Ի դեպ, սիթքոմի 5-րդ եթերաշրջանը կսկսվի հոկտեմբեր ամսից, իսկ սիթքոմն ու Սաթեն Ղազարյանի մարմնավորած կերպարը կունենան նոր ու հետաքրքիր զարգացումներ։
ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը սիրված դերասանուհի, մոդել Սաթեն Ղազարյանի հետ խոսել է նրա հետաքրքրությունների, կերտած կերպարի մասին, ինչպես նաև հետաքրքրվել անձնական կյանքով։
-Սաթեն, ի՞նչ գործունեություն եք ծավալում այժմ։
-Աշխատում եմ «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձկվող «Դոմինո» նախագծում։ Առաջարկների դեպքում հանդես ես գալիս նաև որպես մոդել։ Խաղացել եմ թատրոնում՝ կոմերցիոն ներկայացումներում: Եթե լինի այնպիսի առաջարկ, որը հետաքրքրի ինձ, ապա կխաղամ նաև թատրոնում, քանի որ այն ինձ ապրեցնում է։
Ի՞նչ ընդհանրություններ կան «Դոմինո» սիթքոմում Ձեր մարմնավորած կերպարի և Ձեր միջև։ Որքանո՞վ է Էմման նման Ձեզ։
Էմման ընդհանրապես նման չի ինձ, մենք տարբեր ենք։ Սակայն ինձ թվում է՝ ես կարողացել եմ ճիշտ կերտել կերպարը, ապրեցնել և կյանք տալ նրան։ Հաճախ մարդիկ ինձ տեսնելով, հիշում են Էմմային, ընդհանրացնում են նրա հետ, ինձ երևի թե հաջողվել է ստեղծել կերպար, որը տպավորվել է։
Հաճախ դերասանին նույնացնում են կերպարի հետ։ Մտավախություն չունե՞ք հանրության մեջ հիշվել հենց այս կերպարով։
Միանշանակ նույնացնում են։ Մինչ «Դոմինո»-ում նկարահանվելը՝ խաղացել եմ սկեչերում, թատրոնում։ Սակայն, քանի որ հեռուստադիտողն ինձ երկար ժամանակ տեսել է Էմմայի կերպարում, ինձ հիշում են հենց այդ անունով։ Գիտե՞ք, պետք է ասեմ, որ դա ինձ դուր է գալիս, դա նշանակում է՝ այդ աղջկան կարողացել եմ ստեղծել։
Ինձ համար շատ կարևոր է կերպարը ճիշտ կերտելը, հանդիսատեսի կողմից ճիշտ ընկալվելն ու ընդունվելը։ Իսկ կերպարի մեջ մնալու մտավախություն չունեմ, քանի որ դերասանը ճկուն է ու պետք է կարողանա տարբեր կերպարներ մարմնավորել, ստեղծել։ Համոզված եմ՝ կգա ուրիշ կերպար՝ նոր բնավորությամբ, տեսակով, հեռուստադիտողի կողմից կճանաչվեմ, կսիրվեմ, կընդունվեմ նաև այդ կերպարներով։
Նկարահանման հրապարակում Էմմայի շորերը հագնելիս ես միանգամից կերպարանափոխվում եմ և որպես Սաթեն՝ գոյություն չեմ ունենում, իմ փոխարեն արդեն Էմման է։
«Դոմինո» սիթքոմում նկարահանվելու առաջարկն ընդունելիս մտավախություն չունեի՞ք, որ հանրությանը հայտնի դառնալով հումորային ժանրի նախագծով, գուցե հետագայում հանդրսատեսի կողմից ճիշտ չընկալվեք լուրջ կերպարներ մարմնավորելիս։
Կարծում եմ՝ դա կախված է դերասանից։ Նա պետք է կարողանա հանդիսատեսին համոզել, կերպարը մտցնել յուրաքանչյուրի տուն, ընտանիք։ Դերասանն արվեստագետ է և պետք է կարողանա արհեստավարժ մոտեցում ցուցաբերել նման դեպքերում՝ ճիշտ ընկալվելու համար։
Հանրությունը հետաքրքրված է հայտնի մարդկանց անձնական կյանքով։ Ձեր անձնական կյանքում ի՞նչ է կատարվում։ Արդյո՞ք Սաթեն Հարությունյանի սիրտը զբաղված է։
Իմ կյանքի միակ տղամարդը շունս է՝ Չիպոլինոն։ Կինը մենակ ապրել չի կարող, կնոջը տղամարդ է պետք և հակառակը։ Այս պահին ես մենակ եմ, բայց միայնակ չեմ, որովհետև ունեմ հրաշք ընկերներ, սիրուն ընտանիք։ Ճիշտ է՝ բացը զգացվում է, սակայն նա, ով լինի իմ կողքին, պետք է իմը լինի։ Իր հետ ես ինձ հանգիստ պետք է զգամ։ Ես կարծում եմ՝ մարդիկ իրար գտնում են բնազդով, այսինքն՝ միմյանց պետք է զգալ և գտնել հոտով։
Առաջիկայում ի՞նչ պլաններ ունեք։
Շատ հետաքրքիր ծրագրեր ունեմ՝ բիզնեսի հետ կապված, բայց դեռևս չեմ ցանկանում խոսել դրանց մասին։ Ինձ դեպի այդ միտքը տարավ յոգան, որով տարված եմ։
Գեղեցիկ և արտահայտիչ արտաքին ունեցող կանանց հաճախ վերագրում են բազմաթիվ վիրահատություններ։ Դուք էլ բացառություն չեք։ Երբևէ դիմե՞լ եք պլաստիկ վիրաբույժի օգնությանը:
Ես որևէ վիրահատության չեմ ենթարկվել։ Հաճախ հարցնում են՝ շրթունքներս վիրահատա՞ծ են, թե՞ ոչ։ Ասեմ, որ շրթունքներս թե՛ պլաստիկ, թե՛ կոսմետիկ որևէ միջամտության չեն ենթարվել։ Գեղեցիկ և խնամված արտաքին ունենալուն նպաստում է յոգան, ճիշտ սնվելը, սպորտով զբաղվելը։
Ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ։
Ամռան ամիսներին գրեթե ամեն օր այցելել եմ լողավազան, քանի որ պաշտում եմ արևը։ Ամռան ամիսներին, եթե չեմ աշխատում, պարտադիր երեք հատ գիրք եմ կարդում և ընթերցանությամբ սիրում եմ զբաղվել հենց լողավազանում։ Գիրքն ավարտելուց հետո՝ պարտադիր վերլուծականներ եմ կարդում՝ հասկանալու համար՝ արդյո՞ք ճիշտ ըմբռնեցի գրականությունը, թե՝ ոչ։
Այս ամռանը հնարավորություն ունեցա նաև այցելելու Հայաստանի մի շարք տեսարժան վայրեր, որտեղ մինչ այս չէի եղել և ինձ համար հրաշք վայրերի բացահայտումներ արեցի։
Շնիկիս հետ եմ շատ ժամանակ անցկացնում և կարելի է ասել՝ ամառս նվիրել եմ իրեն։ Համացանցով անգամ շնիկների տերերի հետ եմ ծանոթացել, հանդիպել ենք, մեր շնիկներին ենք ծանոթացրել, ուզում եմ, որ ինքն ավելի շատ շփվի շնիկների հետ։