Այս օրերին «ԹՈՓ ՄՈԴԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ» ազգային ասոցիացիայում վերջին կազմակերպչական աշխատանքներն են տարվում Վրաստանում անցկացվելիք «Միսս Պլանետա 2017» մրցույթին Հայաստանի մասնակցությունն ապահովելու համար:

Բաթումի քաղաքում սեպտեմբերի 11-ից 19-ը կազմակերպվող մրցույթին Հայաստանը կներկայացնի մոդել, դերասանուհի Անիտա Հարությունյանը:

Հայաստանը ներկայացնող մոդելն ընտրվել է երկարատև քննարկումների, մասնագիտական կարծիքների հիման վրա:

Մրցույթի մասնակիցները 3 անգամ են բեմ բարձրանալու: Առաջինը մոդելները կներկայացնեն իրենց երկրների տարազները, երկրորդում կլինեն լողազգեստով, իսկ ահա երրորդ ելույթի ժամանակ գեղեցկուհիները ժյուրիին կներկայանան երեկոյան շքեղ զգեստներով:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը կարճ զրույց ունեցավ մոդել Անիտա Հարությունյանի հետ, ով այս ընթացքում սրտատրոփ սպասում է այն օրվան, երբ պետք է բեմ բարձրանա. «Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել նման մասշտաբային մրցույթի և ներկայացնել իմ հայրենիքը: Ես երկար ժամանակ Հայաստանում չեմ ապրել, մոդելային կարիերաս կայացրել եմ Ռուսաստանում, որտեղ բազմիցս հայտնվել եմ ամսագրերի շապիկներին, տարբեր մրցույթների եմ մասնակցել, բայց այս մրցույթը տարբերվում է նրանով, որ ծածանելու եմ մեր դրոշը: Հուզվում եմ անչափ, բայց կարծում եմ՝ կկարողանամ բարձր պահել մեր երկրի անունը»,- ասաց Հարությունյանը:

-Անիտա, բացի մոդելային կարիերայից, Դուք նաև դեպի թատրոն եք քայլեր կատարում, ի՞նչ է դա՝ հոբբի՞, թե՞ մասնագիտություն:

-Ես սիրում եմ թատրոնը, կինոն, ես սիրում եմ բեմը, ուր կարող եմ լինել այնպիսին, ինչպիսին չեմ կարող լինել իրական կյանքում, բեմն այլ կյանք է, այնտեղ ամեն ինչ ուրիշ է, այլ աշխարհ է, աննյութական ու գեղեցիկ աշխարհ: 

Վերջերս նկարահանվել եմ «Կայարան» սերիալում, Ճամբար 2-ում, «Անհայտ հասցե» ռեալիթի շոուում, և հենց այստեղ մասնակցությունից հետո էլ ստացա «MISS PLANETA-2017» մրցույթին մասնակցելու առաջարկը:

-Անիտա, իսկ նմանատիպ այլ առաջարկներ երբևէ ստացե՞լ էիք, գեղեցկության ի՞նչ մրցույթների եք մասնակցել:

-Ես ստացել էի նաև Miss nature international մրցույթին մասնակցության հրավեր, որը պետք է կայանա Հունգարիայի Սոֆիա քաղաքում, սակայն դեսպանատանն առաջացած խնդիրների պատճառով չկարողացա մասնակցել այդ մրցույթին, թեեւ՝ չկա չարիք՝ առանց բարիքի. դրանից հետո ստացա վրաստանյան մրցույթի առաջարկը:

-Անիտա, ի՞նչ սկզբունքներով եք Ձեր կյանքը կառուցում:

-Մի անգամ լուսահոգի պապիկս մի արտահայտություն արեց, որն, այսպես ասած, նստել է մտքիս, ու ամեն անգամ փորձում եմ ապրել իր խորհրդով. «Ապրածդ օրը իմաստավորիր նոր գիտելիքներ ձեռք բերելով»: Այս մրցույթից էլ փորձելու եմ փորձ և գիտելիքներ քաղել, նոր բան սովորել կյանքից:

-Արդյոք ձեր սիրտն արդեն հասցրե՞լ են զբաղեցնել:

-Այո՛, թեպետ չեմ ցանկանում փակագծերը բացել, խոսել ո՛չ նրա անվան, ո՛չ էլ դիրքի մասին: