Հունիսի 23-25-ը «Հայաստանի բրեյք դանսի ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը Երևանում կկազմակերպի բրեյք դանսի Time for kids 2017 ամենամյա միջազգային փառատոնը: ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի hետ զրույցում «Հայաստանի բրեյք դանսի ասոցիացիա» ՀԿ նախագահ Գարիկ Ալեքսանյանը նշեց, որ փառատոնի ծրագրում ընդգրկված են հիփ-հոփ մշակույթի և էքստրեմալ սպորտաձևերի հետևյալ ուղղությունները․ «Առաջին անգամ Հայաստանի միասնական հարթակում ելույթ են ունենալու հիփ-հոփ մշակույթի՝ բրեյք դանսի (bboying), գրաֆիտիի (Graffiti), դիջեյինգի (Djing), (MCing) և էքստրեմալ սպորտաձևերի ներկայացուցիչները` պարկուր (Parkour), ֆրիրան (Freerun), հեծանիվ (BMX), անվաչմուշկ (Rollers), ժայռամագլցում (Cliffhanger), գլորասահք (Skateboarding), ցատկացանց (Batut), (Breakletics), սլեքլայն (Slackline), փողոցային բասկետբոլ (Streetball), ավտո-դրիֆտինգ (car drifting), կապոեյրա (Capoeira)»:
Գարիկ Ալեքսանյանի խոսքով՝ «Time For Kids» փառատոնին մեծ քանակությամբ մասնակիցներ են ներգրավված արտերկրից․ «Կլինեն նոր արտիստների բացահայտումներ, հանդիսատեսը հնարավորություն կունենա անմիջականորեն շփվել արտերկրից ժամանած աշխարհահռչակ արտիստների հետ: Կազմակերպվելու են պարային և սպորտային դասընթացներ, որոնք հնարավորություն կտան ձեռք բերել մասնագիտական նոր և թարմացված գիտելիքներ։ Փառատոնը հնարավորություն կստեղծի բրեյք դանսի և հիփ-հոփի հայաստանյան և միջազգային պարային խմբերին՝ միասնական հարթակում հանդես գալ, ցուցադրել իրենց ծրագրերը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հնարավորություն կստեղծվի Հայաստանի էքստրեմալ սպորտաձևերի ֆեդերացիաներին և ակումբներին՝ ներկայացնելու իրենց մարզաձևերը։
«Հայաստանի բրեյք դանսի ասոցիացիա» ՀԿ նախագահն ընդգծեց՝ փառատոնի շրջանակում Հայաստան կժամանեն հիփ-հոփ մշակույթի աշխարհաhռչակ ներկայացուցիչներ՝ Flying Steps խմբի ղեկավար, մեր հայրենակից Վարտան Բասսիլը (VARTAN BASSIL), FAR FOR խմբի և ստեղծագործական միության հիմնադիր BANZAY-ը, ALL THE MOST և BRING IT BACK լեգենդար խմբերի ղեկավար՝ YAN THE SHRIMP, OBC խմբի ներկայացուցիչ, DJ LEGIONER, United Vision բրեյք դանսի ասոցիացիայի անդամ և JUNKY FUNKY միջազգային ստեղծագործական կազմակերպության մասնակից MC HIGH JEK, ինչպես նաև մի շարք այլ հայտնիներ՝ Ֆինլանդիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Վրաստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից և այլ երկրներից։
Նշենք, որ Վարտան Բասիլը ծնվել է Լիբանանում, այնուհետև 1983-ին ընտանիքի հետ միասին տեղափոխվել Բեռլին, որտեղ սկսվել է պարողի՝ նրա կարիերան: Բեռլինի երիտասարդական կենտրոնում, 13 տարեկան հասակում, ընկերների հետ միասին նա սկսել է զբաղվել բրեյքինգով։ Կարճ ժամանակ անց՝ նրանք սկսում են մասնակցել հիփ-հոփ միջոցառումներին։ 1993-ին KADIR MEMIS (Bboy AMIGO)-ի հետ միասին ստեղծում են FLYING STEPS խումբը։
Բեմական և խորեոգրաֆիկ հայացքների շնորհիվ՝ նրանք հաղթել են 2005 և 2007 թվականների Red Bull Beat Battle մրցույթներում, իսկ 1994 և 2000 թվականներին՝ Battle Of The Year մրցույթը: 2007-ից արդեն, նրանք կիսվում են իրենց փորձով և հմտություններով՝ սեփական պարային ակադեմիայում, որը գտնվում է Բեռլինում։
Այսօր Վարտան Բասիլը Flying Steps Entertainment-ի գլխավոր տնօրենն է, կազմակերպում է այնպիսի համաշխարհային ճանաչում ունեցող շոուներ, ինչպիսիք են Red Bull Flying Bach-ը և Red Bull Flying Illusion-ը։
Հավելենք՝ Time For Kids 2017 թվականի փառատոնն առաջին և երկրորդ օրերին կանցկացվի Պարույր Սևակի փող., 11 շենք (Քանաքեռ-Զեյթուն վարչ. շրջան) մարզատարածքում, որտեղ տեղի կունենան բրեյք դանսի մենամարտերը և էքտրեմալ սպորտաձևերի ցուցադրությունները։ Իսկ երրորդ օրը՝ Երևանի Ազատության հրապարակում կանցկացվեն շոու ծրագիր և հիփ-հոփի, բրեյք դանսի եզրափակիչ մրցելույթները։