Ռեփեր Տիմատին հունիսի 8-ին Հանրապետության հրապարակում հանդես եկավ անվճար համերգային ծրագրով, որին երկրպագուները շատ էին սպասել:

«Բարև Երևան: Շատ եմ սպասել այս համերգին, ուրախ եմ, որ այստեղ եք: Երեկոն թեժ է լինելու»,- այսպես երաժշտասերներին ողջունեց ռեփերը: Նա հավելեց, որ իրեն ոգևորում է այն փաստը, որ չնայած Մարզահամերգային համալիրում չկայացած համերգին՝ երկրպագուներն իր կողքին են:

Հրապարակը լի էր երկրպագուների հոծ բազմությամբ, որոնք ռեփերի հետ հավասար կատարում էին նրա երգերի մեղեդային հատվածները:

Նրանցից շատերը նշեցին, որ անհամբերությամբ են սպասել իրենց սիրած երգչի ելույթին ու շատ ուրախ են, որ հնարավորություն ունեն բաց երկնքի տակ վայելել ռեփերի ստեղծագործությունները:

Տիմատիի, Black Star խմբի, L’ONE-ի և MOT-ի համատեղ համերգը նախատեսված էր մայիսի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տեխնիկական խնդիրների պատճառով Տիմատին համերգին ելույթ չունեցավ` հիասթափեցնելով իր երկրպագուներին: Այնուհետև նա համացանցում տեսանյութ հրապարակեց` խոստանալով նոր համերգով ներկայանալ հայաստանցի երաժշտասերների առաջ և պահեց իր խոստումը: