Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում մեկնարկեց «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկը ելույթ կունենա 16 համարի ներքո:
Մրցույթը հեռարձակվում է Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի ուղիղ եթերով: Այն մեկնաբանում են Գոհար Գասպարյանն ու Ավետ Բարսեղյանը: Մրցույթի ընթացքում հայաստանյան միավորները կհայտարարի «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը:
Հայաստանի ներկայացուցչի ելույթի ժամանակ էկրանին երգի ընթացքում ցուցադրվելու են հայկական զարդարվեստն ու խորհրդանշական թռչնապատկերները' հետաքրքիր գունային մոտեցմամբ: Արծվիկի հետ բեմում կլինեն երկու շվեդ պարուհիներ, ովքեր կրելու են հայկական արծաթյա զարդեր, բեմում նաև կլինեն երեք բեք վոկալիստներ: Մրցույթի հաջորդ կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 13-ին: Մրցույթն այս տարի անցկացվում է «Տոնենք բազմազանությունը» կարգախոսի ներքո:
Արծվիկը ներկայանում է Fly with me երգով, որի երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են: