Մայիսի 8-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահը կրկին լեփ- լեցուն էր համասյանական երաժշտությունը սիրող մարդկանցով: Տիգրան Համասյանը՝ Փոքրիկ, բայց Մեծ իշխանը վերցրեց իր հանդիսատեսին ու տարավ իր երաժշտության մոլորակ՝ իր ստեղծած մեղեդիներով ու գույներով:
Մենահամերգի մեկնարկը տրվեց նրա վերջին՝ «An Ancient Observer» («Անտիկ դիտորդը») ալբոմի «Fides Tua» ստեղծագործությամբ: Հետո մեկը մյուսի հետևից նվագեց իր նոր ալբոմի ստեղծագործություններն ու նրանք համեմեց այդ ստեղծագործությունների ստեղծման պատմություններով ու անմիջական խոսքով:
Ալբոմի ստեղծագործությունները նվագելուց հետո հանդիսատեսը hոտնկայս ծափերով Տիգրանին ճանապարհեց կուլիսներ ու ծափահարեց այնքան, որ Տիգրանը ժպիտով վերադարձավ ու ևս 2 ստեղծագործություն նվագեց ՝ շատերի կողմից սիրված «Lilac»-ն ու 1988-ի երկրաշարժը վերապրած իր սերնդակիցներին նվիրված մի ստեղծագործություն, որի հնչյունների մեջ թողնելով հանդիսատեսին լքեց դահլիճն ու թողեց նրանց իրենց մտքերի հետ մենակ…
Հանդիսատեսին մնում է սպասել, որ Համասյանը շուտով նորից կգա…