Հոլիվուդյան «Ֆորսաժ 8» (The Fate of the Furious, 2017) ֆիլմի համաշխարհային դրամարկղային մուտքերն առաջին վարձութային հանգստյան օրերին, նախնական տվյալներով, կազմել են շուրջ 532,5 միլիոն դոլար, ինչը դարձել է այս ցուցանիշի բացարձակ ռեկորդ: Ապրիլի 16-ին այս մասին հայտնել է Universal Pictures ամերիկյան կինոընկերությունը, որը կինոնկարի իրավունքների սեփականատերն է:

 

Այսպիսով, ռեժիսոր Ֆելիքս Գերի Գրեյի կինոժապավենը, որը ֆիլմերի հանրաճանաչ շարքի ութերորդ մասն է, գերազանցել է նախորդ ռեկորդը, որը սահմանել էր «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը»(Star Wars: The Force Awakens, 2015) կինոնկարը: Վերջինս վարձույթի առաջին օրերին աշխարհում վաստակել էր 529 միլիոն դոլար:

 

«Ֆորսաժ 8»-ը վարձույթի առաջին հանգստյան օրերին նաեւ դրամարկղային մուտքերի վարկանիշի առաջին հորիզոնականն է զբաղեցրել Միացյալ Նահանգների սահմաններից դուրս: Այդ ցուցանիշը կազմել է 432,3 միլիոն դոլար, որն զգալիորեն գերազանցում է այն գումարը, որը հավաքել էր նախորդ առաջատարը՝ «Յուրայի ժամանակաշրջանի աշխարհը»(Jurassic World, 2015) ֆիլմը (316 միլիոն դոլար):

 

«Ֆորսաժ 8»-ը՝ գլխավոր դերերում դերասաններ Վին Դիզելի եւ Դուեյն Ջոնսոնի մասնակցությամբ, ամերիկյան կինովարձույթ է դուրս եկել ապրիլի 14-ին: Կինոժապավենի բյուջեն կազմել է 250 միլիոն դոլար: Շարքի առաջին յոթ ֆիլմերի ընդհանուր դրամարկղային մուտքերը գերազանցել են 4 մլրդ դոլարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: