«Գահերի խաղը» սերիալի վերջին' 8-րդ, եթերաշրջանի նկարահանումները կսկսվեն սեպտեմբերին: Այդ մասին ասել է բրիտանացի դերասան Լիամ Քանինգեմը, որը նախագծում կատարում է Դավոս Սիվորտի դերը, գրում է Lenta.ru-ն NME-ի վրա հղումով:
«Մենք դեռ շարունակում ենք 7-րդ եթերաշրջանի նկարահանումները, որոնք կշարունակվեն մինչև փետրվարի սկիզբը: Իսկ հետո, սեպտեմբերին, կսկսենք նկարահանել վերջին սերիաները»,-հայտարարել է Քանինգեմը:
Նա նշել է, որ վերջին եթերաշրջանը, որը կցուցադրվի 2018-ին, կունենա ընդամենը 6 էպիզոդ:
«Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանը կցուցադրվի 2017-ի ամռանը և բաղկացած կլինի 7 սերիայից:
«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: 6-րդ եթերշրջանի ցուցադրությունը մեկնարկել է 2016-ի ապրիլի 24-ին, իսկ ապրիլի 21-ին հայտարարվեց, որ լինելու է նաև 7-րդ եթերաշրջան, իսկ 8-րդը կլինի վերջինը: Երկու վերջին հատվածներն ավելի կարճ կլինեն' 7-ում կլինի 7 սերիա, 8-ում' ընդամենը 6: HBO ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից: