Այսօր համաշխարհային կինոարվեստի  օսկարակիր մեգաաստղ, տաղանդավոր դերասան և վաստակավոր սրտակեր  Լեոնարդո Դի Կապրիոյի ծննդյան օրն է: Դերասանի ծննդյան 42-րդ տարեդարձի կապակցությամբ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Լեոյի մասին մի քանի հետաքրքիր փաստեր, որոնք քչերին են հայտնի:

 1. Լեոյի մայրը իր՝ դեռ չծնված փոքրիկի առաջին խաղը զգացել է հենց այն պահին, երբ դիտում էր Լեոնարդո Դա Վինչիի կտավներից մեկը: Նա որոշեց՝ եթե տղա ծնվի, նրան Լեոնարդո կանվանի: Եվ հետո այդ անունը շատ էր սազում այն ազգանվանը, որ երեխան պիտի կրեր: Լեոյի հոր անուն-ազգանունը Ջորջ Դի Կապրիո է:

2. Հարկ է նշել, որ իր կարիերայի ամենասկզբում այս հնչեղ անունը շատ էր խանգարում Լեոյին: Ժամանակին պրոդյուսերներից մեկը ամեն կերպ համոզում էր Լեոյին անվանափոխվել ու դառնալ Լեննի Ուիլյամս՝ խոստանալով այդ դեպքում նրա հետ համագործակցել: Սակայն Լեոն համառեց: Այժմ այս մասին հիշելիս Դի Կապրիոն ծիծաղում է ու ավելացնում. «Իմ անվան պատճառով ես այդ պրոդյուսերից այդպես էլ դեր չստացա, ավելին՝ դեռ երկու տարի էլ ստիպված էի սպասել, մինչև հայտնվեց մի ողջախոհ պրոդյուսեր, որին չխանգարեց իմ անունը»:

3. Լեոյի դերասանական կարիերան մեկնարկեց, երբ նա ընդամենը 13 տարեկան էր: Նա «Santa Barbara» սերիալում մարմնավորեց կրտսեր Մեյսոնին, իսկ ահա արդեն 19 տարեկանում «What’s Eating Gilbert Grape»  ֆիլմում ունեցած դերի համար նա առաջին անգամ առաջադրվեց Օսկարի:

4. Sony ընկերությունը համաձայն չէր, որ հենց Լեոն լիներ Շերոն Սթոունի խաղընկերը 1995թ. նկարահանված The Quick and the Dead ֆիլմում: Սակայն Սթոունը անվերապահորեն հավատում էր, որ այդ դերը հենց Լեոյի համար է, ու ֆիլմի տնօրինությանը համոզելու համար նա խոստացավ հրաժարվել իր հոնորարի կեսից, միայն թե Լեոն դերի համար հաստատվի: Հետագայում Entertainment Weekly-ին տված հարցազրույցի ժամանակ Սթոունն ասում է. «Լեոն այդ դերի մեջ այնքան սքանչելի էր, որ նույնիսկ սարսափելի էր: Ես պատրաստ էի կյանքս տալ միայն նրա համար, որ հենց նա լիներ այս ֆիլմում: Ես նույնիսկ պատրաստ էի այդ տղային մեջքիս շալակած հասցնել նկարահանման հարթակ»:

5. 90-ականների երիտասարդության համար Լեոնարդո Դի Կապրիոն այդպես էլ մնաց անգերազանցելի դերասան, իսկ Titanic ֆիլմում նրա կերտած Ջեյք Դոուսոնի կերպարը առհավետ դրոշմվեց այն ժամանակվա դեռահաս աղջիկների ռոմանտիկ երազանքների մեջ: Իսկ ահա Լեոյի համար այս ֆիլմն իսկական հիասթափություն էր: Նախ՝ նա բոլորովին չէր ուզում ստանձնել այս դերն ի սկզբանե: Մինչ այս դերը Լեոն արդեն հասցրել էր խաղալ մի քանի բարդ, խառնվածքային դերեր, ուստի ռոմանտիկ սիրահարի կերպարի հետ նա չէր հարմարվում: Սակայն Ջեյմս Քեմերոնի երկար համոզումներից հետո դա տեղի ունեցավ: Այս ֆիլմի շնորհիվ Լեոն ձեռք բերեց հետագա իր ողջ կյանքի ամենանվիրված ընկերներից մեկին՝ Քեյթ Ուինսլեթին: Իսկ վերջերս Լեոն մի հարցազրույցի ժամանակ պատմեց. «Օրերս Քեյթի ու Ջեյմսի հետ Titanic-ի 3D տարբերակն էինք դիտում: Աստված իմ, ես ու Քեյթը վերջնականապես հիասթափվեցինք ինքներս մեզանից»:

6. Մի քանի խոսք Լեոյի թերությունների մասին: Պարզվում է՝ հոլիվուդյան սրտակերը չունի բարձրագույն կրթություն: Նա դպրոցում ցածր առաջադիմություն ուներ, բայց փոխարենը լավ երգեհոն է նվագում: Մանկությունից մնացած մի վատ սովորություն ունի Լեոն՝ լարված պահերին նա եղունգներն է կրծում: Նա գրեթե միշտ սիրավեպ է ունենում իր խաղընկերուհիների հետ և առհասարակ, նա միշտ Հոլիվուդի ամենասրտակեր կնամոլների եռյակում է:

7. Եվ այնուամենայնիվ, Լեոն անկրկնելի է: Խարիզմատիկ ու ցնդելու աստիճան տաղանդավոր, երբեմն տարօրինակ, երբեմն էլ երեխայական պարզությամբ այս կինոգիգանտը համարվում է աշխարհի ամենագեղեցիկ 50 տղամարդկանցից մեկը: Նրա հոնորարները նույնչափ տպավորիչ են, որքան որ դերասանի ֆիլմացանկը (մեկնարկային չափը 20 մլն դոլար է), և ինչպես ցանկացած գիտակից ու մեծահոգի մարդ, Լեոն նույնպես զբաղվում է բարեգործությամբ: Բնապահպանական խնդիրները Լեոյի վերջին տարիների մտահոգությունն են: Այդ թեմային նա անդրադարձավ նույնիսկ Օսկարի արձանիկը ստանալու կապակցությամբ իրեն տրամադրված խոսքում: Նեպալյան վագրերի փրկության համար նա 3 մլն դոլար է նվիրաբերել, նույնքան գումար էլ նվիրաբերել է Հյուսիսային Սառուցյալ Օվկիանոսը գլոբալ տաքացումից փրկելու գործին:

8. Լեոն սիրում է շքեղ նվերներ անել իր ընկերներին ու հարազատ մարդկանց: Նա պարբերաբար, առանց որևէ առիթի աստղաբաշխական արժեքներով նվերներ է գնում իր ամենամտերիմ մարդուն՝ սիրելի մորը: