«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 13-րդ կինոփառատոնը տարվա մշակութային խոշորագույն իրադարձություններից մեկն է, որի ընթացքում՝ հուլիսի 10-17-ը, լինելու են նաև բացօթյա ցուցադրություններ Երևանի տարբեր հարթակներում, մասնավորապես՝ Ազատության հրապարակում, Կարապի լճում: Մայրաքաղաքի բացօթյա էկրաններին կցուցադրվեն ինչպես ֆիլմեր, այնպես է ուղիղ եթերով փակման արարողությունը:
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը տեղեկացրեց, որ փառատոնի օրերին Շ. Ազնավուրի անվան հրապարակում անվանի ջազ կատարողների մանսկացությամբ լինենլու են նաև համերգներ, որ կղեկավարի հայտնի ջազմեն Լևոն Մալխասյանը:
«Այս տարի ապրիլյան դեպքերով պայմանավորված՝ մի շարք միջոցառումներ կրճատվեցին, գումարը նվազեցվեց, սակայն կարևորելով «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նշանակությունը ՝ տարեսկզբի պլանավորվածը չի փոխվել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Սուքիասյանը՝ ավելացնելով, որ նախորդ տարվա բյուջեն պահպանվել է:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանն ընդգծեց, որ ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ այս տսրի կինոփառատոնում առանձնահատուկ ուշադրություն է հատկացվելու հայկական ֆիլմերին. կքննարկվեն այս վերջին 25 տարում ստեղծված հայկական ֆիլմերը, կինոարտադրության ձեռքբերումները և թերացումները: Կարծիք հայտնեց, որ պատերազմական դժվարին իրավիճակում մշակութային հարցերը հաճախ մարդկանց համար երկրորդական են դառնում, սակայն հանրությունն ուրա խությամբ սպասում է«Ոսկե ծիրան»-ին, որն էլ աջակցություն է ստանում քաղաքապետարանից:
«Փառատոնին ֆիլմերն այնքան շատ են լինելու, որ մարդիկ չեն էլ հասցնի բոլորը նայել: Քաղաքն ապրելու է «Ոսկե ծիրան»-ով»,- եզրափակեց Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի նվիրվում է Հայաստանի անկախության 25-ամյակին: Փառատոնին ներկայացվել է ավելի քան 900 հայտ՝ 91 երկրից. մրցութային և արտամրցութային ծրագրերում ընդգրկվել է շուրջ 135 ֆիլմ: