Ամերիկացի երաժիշտ Դանիել Դեքերը ցանկանում է այցելել Արցախ և համերգով հանդես գալ ղարաբաղցիների համար: Այս մասին նա տեղեկացրեց «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին: Նա նշեց, որ իրեն ամենևին չեն անհանգստացնում թուրքերի ու ադրբեջանցիների քննադատությունները:   

 

«Ինձ դրանք չեն հետաքրքրում, հետաքրքում է միայն ճշմարտությանը: Մենք գիտենք Հայոց ցեղասպանության կամ Ղարաբաղի մասին ճշմարտությունը: Գիտենք, որ Հայոց ցեղասպանություն տեղի է ունեցել, Ղարաբաղն էլ հայկական հող է: Պատմությունը մեր կողմից է»,-ասաց Դանիել Դեքերը:

 

Երգահան Արա Գևորգյանը նշեց, որ Դանիել Դեքերը տարիներ շարունակ արժանանում է թուրքերի կողմից քննադատությունների: Նա ներկայացրեց մի օրինակ, որը տեղի էր ունեցել տարիներ առաջ` Սիրիայում:

 

«Սիրիայում համերգ պետք է լիներ: Դանիել Դեքերն էլ  ցեղասպանությունը դատապարտող «Ադանա» երգը պետք է երգեր: Հյուրանոցում աշխատակիցներից մեկը խնդրեց հրավիրել համերգին: Նրան տրվել էր հրավիրատոմս: Համերգին Դանիելը դատապարտող ելույթ ունեցավ և  երբ վերադարձավ հյուրանոց, այդ աշխատակիցը հարձակվեց  Դանիելի վրա: Դանիելն իր սկզբունքի տեր մարդ է, շատ է կապված հայերի ու Հայաստանի հետ: Շատ համոզենք, կգա ու կապրի Հայաստանում»,-ասաց Արա Գևորգյանը:

 

Դանիել Դեքերը նշեց, որ անընդհատ հաղորդագրություններ է ստանում ադրբեջանցիներից, թուրքերից: «Ադանա» երգի հետ կապված մի թուրք իրեն հաղորդագրություն էր գրել շատ կոպիտ բառերով: «Ես որոշեցի պատասխանել, ներկայացնել ապացույցներ Հայոց ցեղասպանության մասին: Հետո նկատեցի, որ խոսակցությունը գնալով առավել ընկերական էր դառնում: Կարծում եմ` պատճառն այն է, որ ցեղասպանության մասին այնպիսի փաստեր ներկայացրեցի, որոնց վերաբերյալ նախկինում ինքը չէր լսել: Հավանաբար հասկացավ, որ այն ինչ լսում է իր երկրում,  ցեղասպանության մասին, քարոզի հետ ևանք է: Եվ երբ ճշմարտությունը փայլում է քարոզի վրա, ապա վերջինս կորում է: Այդ դեպքը ցույց տվեց, որ կարելի է հաղորդակցման եզրեր գտնել, երբ ճշմարտությունն է խոսում»,-ավելացրեց Դանիել Դեքերը:

 

Ամերիկացի երաժիշտը նշեց, որ այս տարիների ընթացքում հայերն ու Հայաստանն իր կյանքի մի մասն են դարձել և ինքն իրեն հայ է զգում: Ըստ նրա`  հայ  լինելը պարզապես արյան խնդիր չէ, դա փիլիսոփայություն է և զգացողություն, որ կա սրտում: Նա հիշում է, որ առաջին անգամ հայերի հետ ծանոթությունը պարզապես բխում էր հետաքրքությունից, երբ սկսեց աշխատել Արա Գևորգյանի հետ ու ավելին իմանալ հայերի մասին, այդ սերը վերածվեց հարգանքի:

 

«Երբ ես հասկացա հայերի ոգին, սկսեցի սիրել հայ ժողովրդին: Ես սիրում եմ Հայաստանը: Իմ ընկերները հպարտ են, որ ես կապ ունեմ Հայաստանի հետ: Իմ համերգների ժամանակ երգել եմ հայկական երգեր, որոնք ներկայացնում են Հայաստանի պատմությունը: Այդ երգերը լսելուց հետո, շատերը ցանկանում են ավելին իմանալ Հայաստանի մասին: Հենց դա է երաժշտության ուժը: Եթե ես խոսեմ 5 րոպե Հայոց ցեղասպանության մասին, դժվար թե դրա մասին հիշեն, բայց երբ ես երգում եմ այդ մասին, ապա այն հավերժ է»,-հավելեց  Դանիել Դեքերը: