Ջութակահար Վարդան Պողոսյանը, ով հանրությանը հայտնի է առավելապես իր հետաքրքիր և յուրօրինակ «Վիվա» ստեղծագործությամբ, երկրպագուների համար նոր անակնկալ ունի: Ձեզ ենք ներկայացնում երիտասարդ ջութակահարի ձեռքբերումների, ծրագրերի, սպասվելիք անակնկալների շուրջ նրա հետ հարցազրույցը:
- Վարդա'ն, կարելի է ասել, որ Ձեր հեղինակած «Վիվա» ստեղծագործությունն իր հաջողված տեսահոլովակով Ձեր երաժշտական գործունեության հանրագումարն է. ի՞նչ կասեք ստեղծագործական ձեռքբերումները պահելու և կյանքում առաջ գնալու Ձեր սկզբունքների մասին:
- Լավ աշխատանքին հաջորդող ստեղծագործական քայլերն ավելի մեծ զգոնություն են պահանջում: Այո', «Վիվա»-ն կարելի է համարել իմ անցած երաժշտական ճանապարհի խտացված պատկերը, որը ցանկացել եմ հասանելի դարձնել հասարակության լայն շերտին: Կյանքում միշտ էլ ձեռքբերվածը պահելն ավելի բարդ է, քան դրան հասնելու ճանապարհը: Ստեղծագործական նվաճումներս պահելու համար շարունակում եմ աշխատել նույն ոգով. պարտությունը կլինի այն ժամանակ, երբ ես, հաջողություններից ոգևորված, փորձեմ սխալ պահի հանգստանալ: Ես միշտ աշխատում եմ պահել այն, ինչ ունեմ ՝ ավելացնելով և զարգացնելով ձեռքբերումներս:
- Ինչպես մեզ արդեն հայտնի է, Դուք շուտով հանրությանը կներկայանաք նոր տեսահոլովակով: Պատմեք մեզ այդ մասին:
- Երաժշության հեղինակը մեծ ճանաչում և փորձ ունեցող երաժիշտ Արթուր Հակոբյանն է, նա նաև գործիքավորման հեղինակն է: Գործիքավորման աշխատանքներին իրենց մասնակցությունն են ունեցել նաև «Հայ» բենդի երաժիշտները: Տեսահոլովակի ռեժիսորը Հրանտ Եղիազարյանն է: Նկարահանումները տեղի են ունեցել «Արձագանք» ստուդիայում՝ տնօրեն Եղիշե Պետրոսյանի աջակցությամբ:
Առիթից օգտվելով' ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնեցին և օժանդակեցին այս տեսահոլովակի նկարահանումներն իրականացնելու աշխատանքներին: Ստեղծագործությունը կոչվում է «Երևան»: Վերնագիրն ունի հատուկ խորհուրդ. կոչված է «Երևան», որպես մաքուր հայկական երաժշտություն, որն իր երևանյան անկեղծ նոտաներով կստվերի մեծ տարածում գտած արևելյան ելևէջներով երաժշտությանը:
- Ի՞նչ եք կարծում, դասական երաժշտի համար դժվար չէ ընթանալ շոու-բիզնեսի, այսպես կոչված, «կլիմայական պայմաններին» և չգրված օրենքների հոսքին համընթաց, չէ՞ որ դրանք բավականին տարբեր աշխարհներ են:
- Անկեղծ ասեմ, որ շատ դժվար է դասական երաժշտի համար մերօրյա շոու-բիզնեսյան պայմաններում աշխատելն ու այդ դաշտի չափանիշներով առաջ գնալը, քանզի ունենալով դասական կրթություն և պրոֆեսիոնալիզմ' շատ ստեղծագործություններ չես կատարում կամ չես ներկայացնում հանրությանը, քանի որ քո կրթության մակարդակը և երաժշտական աշխարհում գործունեություն ծավալելու սկզբունքներդ ուղղակիորեն սահմանափակում են շատ քայլեր: Ես շուո-բիզնեսում ծավալած իմ գործունեությունը երբեք էլ ինքնանպատակ չեմ դարձրել և չեմ դարձնում, ես ունեմ այն հստակ սահմանը, որը չանցնելով' պահպանում եմ իմ' դասական երաժիշտ լինելու կոչումը:
- Ձեր ստեղծագործություններն ունեն հետաքրքիր լուծումներ: Տարածված կարծիք կա այն մասին, որ դժվար է գործ ունենալ դասական երաժիշտների հետ, քանի որ նրանք վախենում են իմպրովիզներ անելուց: Ի՞նչ կասեք այս մասին:
- Այո', մասամբ կարելի է համաձայնվել այս կարծիքի հետ, քանզի դասական երաժիշտներն իրենց ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում սովորում և կատարում են գործերը նոտաներով, որոնք շեղումներ չեն ընդունում և պահպանում են հստակություն՝ կոմպոզիտորի պահանջներին համապատախան: Այդ պատճառով էլ դասական երաժիշտների շրջանում քիչ են իրենց իմպրովիզացիոն հնարքներ թույլ տվողները, քանի որ դասական երաժշտությունը, կարելի է ասել, որոշակի կոնկրետություն է սիրում, իսկ եթե իմպրովիզի կարիք է լինում, այդ իմպրովիզը շարադրված է լինում կոմպոզիտորների կողմից: Դասական երաժշտության մեջ իմպրովիզի տեսանկյունից կատարողական ազատություն թույլ չի տրվում ՝ ի տարբերություն ջազ, փոփ, ֆոլք և այլ շատ ժանրերի:
- Խոսեցինք իմպրովիզներից, ի՞նչ եք կարծում, ջութակը կարելի է համադրել երաժշտական ցանկացած ժանրի հետ, թե՞, այնուամենայնիվ, կա այնպիսի ժանր, որտեղ ջութակի առկայությունը Դուք բացառում եք:
- Ես բացառում եմ ջութակի առկայությունը ազգագրական, հայրենասիրական ստեղծագործությունների մեջ, քանի որ նմանատիպ գործերում հնչող գործիքների համատեղումն ու համադրումը ոչ մի կերպ չեն ներդաշնակվում ջութակի հնչյունների հետ: Իսկ մնացած բոլոր ժանրերում ՝ ժողովրդականից մինչև ռոք, կարելի է համադրել ջութակի ելևէջները և ստանալ գեղեցիկ երաժշտական միքս: Կարող եմ ասել, որ շատ գեղեցիկ է համադրվում հայկական երաժշտական գործիքների՝ դուդուկի, թառի, քանոնի, ուդի, բլուլի հետ: Ես նույնպես ապագայում նախատեսում եմ այս գործիքների և ջութակի համադրությամբ ստեղծել հետաքրքիր երաժշտական միքսեր:
- Պատմեք մեզ Ձեր առաջիկա ծրագրերի, երկրպագուներին սպասվող հետաքրքիր անակնկալների և, առհասարակ, Ձեր ծավալած ստեղծագործական գործունեության մասին:
- Այժմ համագործակցում եմ երգիչ և կոմպոզիտոր Հայկոյի հետ. շուտով հանդիսատեսի դատին կներկայացնեմ նոր հեղինակային ստեղծագործություն՝ Հայկոյի գործիքավորմամբ: Վերջերս մասնակցություն ունեցա Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի սաունդթրեքի ստեղծմանը, որի հեղինակը նույնպես Հայկոն է: Աշխատանքներ եմ իրականացնում նաև իմ առաջին ձայնասկավառակի թողարկման հետ կապված ու մասնակցում տարբեր երաժշտական ծրագրերի և հաղորդումների: