Բրիտանուհի թոփ մոդել Քարա Դելեւինը դարձել Է մաս-մարկետ դասի Rimmel London կոսմետիկական բրենդի դեսպանը: Ընկերության ներկայացուցիչները կարծում են, որ Դելեւինի կերպարը ոգեշնչման աղբյուր կդառնա երիտասարդ կանանց համար, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Fashionmag-ին:
«Ինձ համար մեծ պատիվ Է Rimmel London-ի հետ աշխատելը»,-խոստովանել Է թոփ մոդելը: Առաջիկայում նա կմասնակցի ֆիրմայի մի քանի գովազդային արշավների:
2015 թվականի հուլիսին Դելեւինը հեռացել էր Storm Model Management մոդելային գործակալությունից, որի հետ համագործակցում էր գրեթե 15 տարի, եւ հայտարարել, որ ցանկանում է կենտրոնանալ դերասանուհու կարիերայի վրա: Նա նկարահանվել Է մի քանի ֆիլմերում, այդ թվում՝ «Հրեշտակի դեմքը» (2015 թ.), «Աննա Կարենինա (2012 թ.) եւ «Ինքնասպանների ջոկատը», որն էկրան կբարձրանա 2016 թվականի ամռանը:
Բացի այդ, մոդելն զբաղվում է բարեգործությամբ: 2015 թվականի դեկտեմբերին նա ներկայացրել է սվիթշոթերի հավաքածու՝ The Future Is Female («Ապագան կանանցն է») մակագրությամբ:
2016 թվականի սկզբին Դելեւինը հայտարարել է մոդելային բիզնես վերադառնալու մասին, իսկ մարտի սկզբին լուսանկարվել է Chanel ընկերության գովազդում եւ ներկայացրել արեւապաշտպան ակնոցների նոր շարք:
Rimmel London-ը բրիտանական կոսմետիկական ընկերություն է, որը հիմնադրվել է 1834 թվականին: Ֆիրմայի ստեղծող Յուջեն Ռիմելին են պատկանում այնպիսի գյուտեր, ինչպիսիք են օծանելիքների համար նախատեսված հեղուկացիրը եւ առաջին բուրումնավետ շրթներկը: Ընկերության արտադրանքը ներկայացված է այդ թվում՝ Ավստրալիայում, Կանադայում, Խորվաթիայում, Չինաստանում եւ այլ երկրներում: