«Միսս երկրագունդ» գեղեցկության մրցույթում Հայաստանն առաջին անգամ ներկայացրած Լիլիթ Մարտիրոսյանը վստահեցնում է, որ հաջորդ՝ 2016 թվականն ավելի արդյունավետ ու բեկումնային կլինի: «Արմենպրես»-ի հետ զրույցում 26-ամյա հայ գեղեցկուհին նման համոզմունք հայտնեց` հաշվի առնելով Վիեննայում նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 6-ը կայացած գեղեցկության մրցույթի արդյունքում արդեն ստացված հրավերներն ու առաջարկները:
«Վիեննայից հետո իմ կողմից Հայաստանը տարբեր մրցույթներում ներկայացնելու արդեն իսկ շատ առաջարկներ է ստացել «Համաշխարհային գեղեցկության և նորաձևության լիգա»-ն` նախագահ Աշոտ Խաչատրյան, ում շնորհիվ ես հնարավորություն ստացա «Միսս երկրագունդ» գեղեցկության մրցույթին մասնակցելու: Բացի մոդելային ցուցադրություններից ու գեղեցկության մրցույթներից, Գերմանիայից ստացվել է նաև հեռուստատեսային շոուներ վարելու առաջարկ, իսկ Փարիզի և Վիեննայի մոդելային գործակալություններից ստացված առաջարկները դեռ քննարկման փուլում են»,-նշեց Լիլիթը՝ մինչև հստակ որոշման կայացումը չցանկանալով բացել փակագծերը և առանձնացնել այդ գործակալություններից որևէ մեկի առաջարկը:
Խոսելով ընդհանարապես «Միսս երկրագունդ» գեղեցկության մրցույթում ունեցած հաջողության մասին՝ գեղեցկուհին նշեց, որ հենց միայն այս մրցույթին Հայաստանի դրոշն առաջին անգամ ներկայացնելը մեծ հաղթանակ էր, բացի այդ, Լիլիթը գեղեցկության տիտղոսի համար պայքարող 92 մասնակիցների մեջ հայտնվել է լավագույն ութնյակում, իսկ «Տաղանդներ» կոչվող փուլում ներկայացրել է իր նկարչական տաղանդը, արդյունքում՝ I am woman of the Earth աշխատանքով Լիլիթը հայտնվել է լավագույն հնգյակում:
«Մեծ հպարտություն եմ զգում և, ինչու չէ նաև, ֆավորիտների թոփ ութնյակում հայտնվելը առաջին անգամ այդ մրցույթին ներկայացնող երկրի համար բավական լավ արդյունք է: Մրցույթում հաղթեց Ֆիլիպինները ներկայացնող գեղեցկուհին, բայց ինձ համար ֆավորիտն Ուկրաինայի ներկայացուցիչն էր: Չնայած սա մրցույթ էր, բայց շատերի հետ եմ ընկերացել: Նույնիսկ երբ ես այդ ընթացքում հիվանդացա, Ռուսաստանի ու Ուկրաինայի ներկայացուցիչները հոգ էին տանում:
Սա ցույց էր տալիս, որ նրանք ոչ միայն արտաքնապես էին գեղեցիկ, այլ նաև ներքին գեղեցկություն ունեին: Այս, ինչպես նաև 2015 թվականին «Թոփ մոդել Հայաստան» մրցույթին «Թոփ մոդել» տիտղոսին արժանանալը ճակատագրական դարձավ ինձ համար, բայց հուսամ, որ դեռ ամեն ինչ առջևում է»,- նշեց Լիլիթ Մարտիրոսյանը:
Լիլիթը նշեց նաև, որ շատերը գիտեին ինչպես Հայաստանի, այնպես էլ այն մասին, որ Հայաստանը քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած երկիրն է: «Շատերը մոտենում էին ու հպատանալով նշում, որ գիտեն Հայաստանի մասին, գիտեն, որ ունենք Շառլ Ազնավուր ու հպարտանալու շատ մարդիկ ու առիթներ»,-նշեց Լիլիթ Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ այս մրցույթներին մասնակցելու համար հովանավորներ չի ընդունում. միակ հովանավորն իր ընտանքին է:
Հետագա պլանների մասին խոսելով՝ Լիլիթը նշեց, որ ուսումը Լոնդոնում շարունակելու նպատակներ կան, ինչը չի խանգարի իր մոդելային գործունեությանը, իսկ ահա ընտանիք կազմելու մասին դեռ չի մտածում:
Արմենուհի Մխոյան