Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը հինգ հաջողված համերգային երեկոներով հանդես է եկել ֆրանսիական մայրաքաղաքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ-ը, փարիզեցիների հետ հանդիպելու համար ամենահայտնի շանսոնյեն ընտրել էր իր ոսկե ընտրանին ու ներկայացրել իր լավագույն երգերը:

 

Հինգ համերգային երեկոները համախմբել են ֆրանսիական թիվ մեկ արտիստի հազարավոր երկրպագուներին: Փարիզյան համերգները ցույց են տվել, որ ոչ ոք չի կարող կատարել Ազնավուրի երգերն այնպես, ինչպես նա է կատարում: 91-ամյա արտիստը երկու ժամանոց համերգն անցկացրել է առանց դադարի և չի խմել նույնիսկ մեկ կում ջուր:

 

ՏԱՍՍ-ը ներկայացնում է նաև Ազնավուրի հաջողության պատմությունը, պատմում երգչի հոր, Էդիթ Պիաֆի հետ համագործակցության և երգերի ստեղծման մասին: Գործակալությունը նաև տեղեկացնում է, որ ընթացիկ կիրակի երգիչը համերգ կունենա Palais des sports-ում:

 

Առաջիկա ամիսներին Շառլ Ազնավուրը նպատակ ունի համերգներով հանդես գալ Երևանում, Լոնդոնում, իսկ հաջորդ տարի նա կհանդիպի ռուս հանդիսատեսի հետ:

 

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: