ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգում անցկացված The IndieFEST Film Awards մրցանակաբաշխությանը կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանի եւ Արսեն Ազատյանի «Ապակե կախազարդը» գեղարվեստական լիամետրաժ ֆիլմն արժանացել է հատուկ մրցանակի՝ բարձր արժանիքների համար։
«Այս մրցանակաբաշխությունն առանձնանում է նրանով, որ մրցանակները տրվում են չորս անվանակարգերում՝ «Լավագույն շոու»-ի, «Վարպետության», «Բարձր արժանիքների» եւ «Ճանաչման» համար։ Եվ շատ ֆիլմեր ստանալով այս մրցանակները՝ երաշխիք են ստեղծում մասնակցելու Օսկարի եւ Էմմիի մրցանակաբաշխությանը, քանի որ ժյուրին կազմված է The IndieFEST Awards եւ Emmy մրցանակաբաշխության անդամներից»,-տեղեկացրել են Նարինե Մկրտչյանը եւ Արսեն Ազատյանը:
«Ապակե կախազարդը» մինչ այս մասնակցել էր Բուսանի, Կալկաթայի, Մոսկվայի, Մոնրեալի, Հյուստոնի, Լուիզվիլի եւ այլ միջազգային կինոփառատոններին եւ պատվով ներկայացրել Հայաստանը։