Այսօր մամուլում «Հայ 10 ամենախարդախ ու կեղծարար աստղերը» վերնագրով նյութ է տարածվել, ըստ որի նշված հայտնիները յութուբյան էջում իրենց տեսահոլովակների համար կեղծ դիտումներ են ապահովում: Այս հայտնիների շարքում է ընդգրկված նաև երգչուհի Սիլվա Հակոբյանը:
Նրա հայրը` Հակոբ Հակոբյանը, ով նաև երգչուհու պրոդյուսերն է, արձագանքելով տարածված տեղեկությանը, ESem.am-ին ասաց, որ այդ ամենը լկտի սուտ է: «Մենք ունենք մասնագետ, ում վճարում ենք ու ով զբաղվում է Սիլվայի պաշտոնական էջերի աշխատանքներով,-նշեց Սիլվայի պրոդյուսեր հայրը և շեշտեց,- Ես մեր մասնագետին ասել եմ, որ աշխատում ենք մաքուր, այսինքն մեր բոլոր դիտումները պետք է մաքուր լինեն»: Ըստ պրոդյուսերի` այս ամենը վիրավորական է: «Եթե իսկապես կա մասնագետ, ով ուսումնասիրել ու նման բան է պարզել ու եթե կարողանա մեզ էլ ապացուցել, որ կեղծ դիտումներ ենք ավելացրել խարդախ ճանապարհով, ապա պատրաստ ենք ներողություն խնդրել բոլորից»,-ավելացրեց Հակոբ Հակոբյանը:
Երգչուհու պրոդյուսերը նշեց նաև, որ Սիլվան օրինակ ֆեյսբուքում ունի 21.000 հետևողներ, և երգչուոհւ տեղադրած ցանկացած նկար ստանում է 1000-4000 լայք: Անդրադառնալով այն փաստին, որ Սիլվան խարդախություն է արել` կեղծ դիտումներ ավելացնելով «Dont Apologize» երգի համար, երգչուհու պրոդյուսերը նշեց. «Եթե մենք կեղծ դիտումներ ավելացնեինք, ապա այդ դիտումները այժմ ոչ թե 600-700 կլիներ, այլ ասենք 2 միլիոն»:
ESem.am-ը զրուցեց նաև Սիլվա Հակոբյանի սոցիալական էջերի ադմինիստրատոր Արմեն Ասրյանի հետ: Վերջինիս պնդմամբ` տարածվել է նյութ, որը զրպարտում է տվյալ արտիստին` հիմք ընդունելով ինչ-որ անհիմն տվյալներ: «Եթե տվյալ արտիստը պայմանագիր է կնքում youtube-ի հետ, տեղադրում է իր տեսահոլովակները, ապա տվյալ դեպքում youtube-ը պարտավոր է պահպանել գաղտնիություն, որովհետև օգտատերը, օրինակ` ստանում է եկամուտ. այդ բոլոր տվյալները պահվում են գաղտնի,-ասաց Արմեն Ասրյանը և ավելացրեց,- Իսկ հետազոտող կայքերը հնարավորություն ունեն և կարող են մոտավոր տեղեկություններ ստանալ: Բնականա է, որ դրանք չեն կարող ճշգրիտ տեղեկություն ապահովել»:
Ըստ մասնագետի` պետք չէ թերագնահատել youtube-ին, քանի որ եթե ինչ-որ բան կեղծ է լինում, այն անմիջապես հեռացվում, ջնջվում է: «Օրինակ` մենք վիդեո ունենք, որ օր կա 20.000 դիտում է ունենում, օր կա` 150.000. դա արդեն կախված է տվյալ թիմի աշխատանքից»,-ասաց Արմեն Ասրյանը և նկատեց նաև, որ ինքը կարող է տալ միայն Սիլվայի պաշտոնական էջի տվյալները: «Այլ հարց է, որ, օրինակ` տվյալ արտիստը իր երգը կամ տեսահոլովակը վաճառում է ինչ-որ ընկերության, կայքի կամ ձայնագրման ստուդիայի, որն էլ ինչպես ուզում է` հավաքում ու ներկայացնում է իր տվյալները»,-եզրափակեց երգչուհու սոցիալական էջերի ադմինիստրատորը:
Զրուցեց Արևիկ Իսաջանյանը