Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ Երևանի քաղաքապետի կողմից հուշամեդալով պարգևատրվել է նաև դերասան Մխիթար Ավետիսյանը: Համազգային թատրոնի դերասանն արժանացել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալի:

 

 

ESem.am-ի հետ զրույցում Մխիթարը նշեց, որ շատ ուրախ է արժանի մարդկանց հետ այդ պարգևին արժանանալու համար: «Ինձ համար մեծ անակնկալ էր, չէի սպասում: Երբ հայտնեցին անունս, անակնկալի եկա»,- անկեղծ ասաց դերասանը: Նրա խոսքով` վաղուց նման պարգևներ չէր ստացել ու արդեն սովորական էր դարձել այդ ամենը: «Արդեն համակերպվել էի, որ պետք է պարզապես իմ աշխատանքն անեմ, այն, ինչ այս կյանքում ինձ բաժին է հասել»,- նկատեց դերասանը: Վերջինս նաև խոստովանեց, որ եթե 4-5 տարի առաջ նման հուշամեդալի արժանանար, գուցե ոգևորությունն ավելի մեծ լիներ, իսկ այժմ ինքը շարունակում է  իր գործն անել:

 

 

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Մխիթարը տեղեկացրեց, որ ապրիլի 25, 26-ին Կամերային թատրոնում կներկայացնեն նոր`«Հատուցում» ներկայացումը: Այս տրագիկոմեդիան, որի բեմադրիչն ու պիեսի հեղինակը Արա Երնջակյանն է, նվիրված է Ցեղասպանության 100 ամյակին: Այստեղ Մխիթարը կներկայանա Օթելլոյի կերպարով. ըստ նրա՝ սրանով ամեն բան ասված է:

 

Նշենք, որ «Հատուցում» ներկայացման մեջ, բացի Մխիթարից, հանդես են գալիս նաև Կամերային թատրոնի այլ դերասաններ` Լուիզա Ներսիսյանը, Մանուկ Հախվերդյանը, Ռաֆայել Երանոսյանը, Անդրանիկ Հարությունյանը, Անի Գրիգորյանը:


Շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը