«Անավարտ թռիչք» ֆիլմի մասին ESem.am-ը պատմել է իր ընթեցողներին: Ֆիլմը բավականին բուռն քննարկումների առիթ դարձավ: Ուղիղ մեկ ամիս է անցել պրեմիերայից և այն ցուցադրվում է լեփ-լեցուն դահլիճներում: Օրերս ֆիլմի պրեմիերան կայացել է նաև Գյումրիում և Ղարաբաղում՝ Ստեփանակաերտում, Մարտակերտում, Ասկերանում, որտեղ ևս ֆիլմը բուռն արձագանքների է անցել:
«Անավարտ թռիչքի» ռեժիսոր Ելենա Արշակյանը ESem.am-ին հայտնեց, որ պրեմիերա լինելու է նաև Մոսկվայում և Սոչիում: Ըստ նրա՝ ցուցադրություններ սպասվում են նաև այլ երկրներում:
«Երբ սկսում էինք նկարահանումները, մտավախություններ ունեի, թե հանդիսատեսն ինչպես կընդունի ֆիլմը, որովհետև ես չէի ընտրել «կոմերցիոն» դերասանների, որոնց անուններն արդեն մարդկանց կբերեին կինոթատրոն: Գլխավոր հերոսուհին՝ Տաթև Հովակիմյանը, ընդհանրապես հայտնի չէր հանդիսատեսին: Ես հույս ունեի, որ կկարողանանք կոտրել այն կարծրատիպը, որ ֆիլմում անպայման պետք է «աստղեր» լինեն, որպեսզի հանդիսատեսը գա կինոթատրոն: Կարծում եմ՝ հասարակությունն էլ է հոգնել անընդհատ նույն դեմքերին տեսնել: Մեկ այլ կարծրատիպ էլ կար, թե Հայաստանում «աշխատում» են միայն կատակերգությունները, քանի որ ըստ վիճակագրության՝ դրանք ամենաեկամտաբերն են եղել: Մենք այդ կարծրատիպերը կոտրեցինք, որովհետև մոտ 1 ամիս է, ֆիլմը չի իջնում էկրաններից»,- ասաց Ելենան ու հավելեց, որ այն շատ ջերմ է ընդունվել նաև մարզերում: Ռեժիսորը մասնավորապես կարևորեց Գյումրու ջերմ ընդունելությունը, քանի որ գյումրեցիներն առավել խստապահանջ են:
Հարցին, որ շատերի կարծիքով՝ ֆիլմն ունի հաջողությունը, քանի որ թեմայի ընտրությունն է լսարան հավաքել, նա պատասխանեց, որ ինքն ի սկզբանե ցանկացել է, որպեսզի հանդիսատեսը դահլիճ գա և էկրաններին տեսնեի մերօրյա ողբերգությունը: «Թեմայի ընտրության հարցում կարող եմ և՛ համաձայնել, և՛ ոչ: Համաձայն եմ, որովհետև ինչքանով ես եմ տեղյակ, ժամանակակից դրամա չէր նկարահանվել, ինչ վերաբերում է դրա հաշվին լասարան հավաքելուն՝ պետք է նշեմ, որ նույնքան ցավալի են ղարաբաղյան պատերազմի, Հայոց ցեղասպանության թեմաները, սակայն այդ մասին նկարահանված բազմաթիվ ֆիլմեր ձախողվում են: Հաջողությունը միայն դրան վերագրելը սխալ է: Ի վերջո, ես ներկայացնում եմ սիրո պատմություն, որն այլ կերպ է ավարտվում…»,- նկատեց Ելենան:
Ինչ վերաբերում է քննադատություններին, որոնք լսել է, նա ասաց, որ մասնագիտական որոշակի նկատողություններ են հնչել, որոնք հաջորդիվ հաշվի կառնի: «Ընդհանուր առմամբ` գրեթե քննադատություն չեմ լսել. ինձ համար շատ տարօրինակ էր, որ մեծ, բուռն քննադատությունների չարժանացա»,- նշեց ռեժիսորը՝ շեշտելով, որ կարդում է բոլոր մեկնաբանությունները:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը