Աշխարհահռչակ դաշնակահար Ռիչարդ Կլայդերմանը Հայաստանում է՝ իր հույզերը և զգացմունքներն հայ ունկնդրի հետ կիսելու համար: Գրեթե չորս տասնամյակի գործունեություն ծավալած անվանի երաժիշտն առաջին անգամ հայկական հողում է: Կլայդերմանը երկու աննկարագրելի համերգով հանդես կգա մեր երկրում՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի նվագակցությամբ:
Հայաստանի պետական կամերային նվագախմբիտնօրեն Նորայր Նազարյանը համերգների առթիվ մարտի 12-ին հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց, որ Կլայդերմանի ելույթները ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծրագրերի մաս չեն կազմում:
«Նախատեսվում էր ավելի շուտ կազմակերպել Կլայդերմանի համերգը՝ նախորդ տարի աշնանը: Այնպես ստացվեց, որ այս տարի հաջողվեց դա իրականացնել: Այսօր դուք տեսնում եք, որ նրա հագուստին «Անմոռուկ» է փակցված: Նվագախմբի սկզբունքներից է, որ այն արտիստները, ովքեր կհամագործակցեն մեզ հետ և կգան այստեղ, կկրեն «Անմոռուկ» և կդատապարտեն այդ ոճիրը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Նազարյանը :
Ռիչարդ Կլայդերմանը խոստովանեց, որ առաջին անգամ է Երևանում: «Ես 40 տարվա կարիերայիս ընթացքում առաջին անգամ եմ գալիս Հայաստան և ուրախ եմ: Միշտ էլ արտիստի համար հետաքրքիր է բացահայտել նոր երկիր: Հույս ունեմ, որ այլ այցերի հնարավորություն էլ կլինի: Իմ նպատակն է հաջողությամբ անցկացնել այս երկու համերգը: Ես շրջապատված եմ հրաշալի հայ երաժիշտներով, իրոք խանդավառված եմ, որ փորձեր եմ անելու նրանց հետ»,-նշեց անվանի դաշնակահարը:
Կլայդերմանի խոսքով՝ աշխարհում բազմաթիվ հրաշալի նվագող դաշնակահարներ կան: «Երբ 40 տարի առաջ հնարավորություն ունեցա ձայնագրել «Ballade Pour Adeline» ստեղծագործությունը, մտածում էի, որ կկարողանամ լավ կարիերա ունենալ Ֆրանսիայում, կվաճառեմ ձայնասկավառակներ և հետո նկատեցի, որ այս ստեղծագործությունն ունեցավ մեծ հաջողություն՝ տարբեր երկրներում: Բախտը ժպտաց ինձ: Աշխարհում շատ դաշնակահարներ կան: Իմ հաջողության գրավականն այն էր, որ դաշնամուրի ճիշտ համադրություն ստեղծեցի և դրանով կարողացա հուզել մարդկանց սրտերը»,-նշեց նա:
Անվանի դաշնակահարը կարծում է, որ այն երաժշտությունը, որն ինքն է կատարում, հենց իր անձն է ներկայացնում: «Ես, կարելի է ասել, ռոմանտիզմի մեջ եմ, իմ անձը, տրամադրությունը, ապրելակերպը»,- խոստովանեց նա:
Դաշնակահարը մեր երկրում հանդես կգա երկու համերգով: Համերգները տեղի կունենան մարտի 13-ին և 14-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Կլայդերմանը փաստում է՝ ուզում է հնարավորինս լավ նվագել:
«Իհարկե կլինեն կտորներ, որոնցով սկսել եմ իմ գործունեությունը, և վերջին ալբոմից ստեղծագործություններ, ֆիլմերից երաժշտական հատվածներ: Կարծում եմ, որ ամեն ինչ շատ լավ կլինի: 40 տարի շատ տարբեր հանդիսատեսի առաջ եմ ելույթ ունեցել, հույզերը միշտ տարբեր են եղել, միշտ շատ հուզիչ է տեսնել, որ հանդիսատեսը հուզվում է: Ամեն համերգին ավելի լավ եմ փորձում նվագել, հույս ունեմ, որ կկարողանամ կիսել իմ հույզերը իմ երաժշտության և դաշնամուրի միջոցով, և կհուզեմ հայ ունկնդրին»,-հավելեց նա:
Խոսելով Հայոց ցեղասպանության մասին` Կլայդերմանը նշեց, որ ինքն ընդամենը երաժշտության դեսպանն է: «Ես կարծում եմ, որ երաժշտությունը մարդկանց դժվար իրավիճակներում օգնել է շատ բաներ վերապրել, ցեղասպանությունը ձեր ազգի համար շատ դժվար բան է եղել»,-նշեց նա:
Ասուլիսի ավարտին անվանի դաշնակահարն անակնկալ մատուցեց ներկաներին՝ սրահում տեղադրված դաշնամուրով կատարելով իր հայտնի գործերից:
Դասական, էթնիկ և ֆիլմերի երաժշտության գործիքավորող, կատարող ֆրանսիացի դաշնակահար Ռիչարդ Կլայդերմանը (իսկական անունը` Ֆիլիպ Էջեր) ծնվել է 1953-ին, Փարիզում:
Դաշնամուրի առաջին դասերն ստացել է երաժիշտ հորից` դեռ վաղ տարիքում,
իսկ ընդամենը 12 տարեկանում արդեն կոնսերվատորիայի ուսանող էր: Կլայդերմանին հայտնի դարձրեց հատկապես Պոլ դե Սեննեվիլի «Ballade Pour Adeline» գործը: Հանաճանաչարտիստը համարվում է «աշխարհի ամենահաջողակ դաշնակահարը»: