Եվրատեսիլյան հայաստանյան կոնցեպտի և մասնակցության մասին նոր մանրամասներ. մեկնաբանում է Գոհար Գասպարյանը

“Genealogy” գաղափարի և կոնցեպտի մասին

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի այս տարվա ֆանտաստիկ նշանաբանը մեզ ոգեշնչեց ստեղծել “Genealogy”-ն: Մեր 6 մասնակիցներին իրար միավորում է 2 առանձնահատկություն՝ առաջինն այն է, որ նրանց երակներով հոսող արյունը պարունակում է հայի գենը, դիմագիծն ու Հայաստան երկրի հարուստ պատմությունը: Եվ երկրորդ՝ երաժշտությունը, որը նույնպես գենետիկորեն միավորում է: Մենք «կամուրջ ենք կառուցել» անցյալի ու ներկայի միջև, հայկական գենետիկայի ու համաշխարհային երաժշտության միջև, Հայաստանի ու «Եվրատեսիլ»-ի միջև: Սա պատմության ու երաժշտության ծագումնաբանությունն է՝ կենաց ծառը, որն ինչպես երևում է տարբերանշանից, ունի ամուր արմատներ և դեպի վեր ձգվող ճյուղեր, որոնք նման են իրար միացող մոլեկուլների: Տարբերանշանի հեղինակը Հանրային հեռուստաընկերության դիզայներ Լուիզա Պետրոսյանն է:

 

Մասնակիցների մասին

Մենք՝ հայերս, բազմաթիվ տաղանդավոր արտիստներ ունենք աշխարհով մեկ սփռված և ցանկացած հայ գիտի «Հայաստան-Սփյուռք-Արցախ» միասնության մասին: Գաղափարն իրականացնելիս և մասնակիցներին ընտրելիս հիմնական դժվարությունը հստակ ուղղություն, հստակ աշխարհագրություն ընտրելու անհրաժեշտությունն էր: Սկսեցինք փնտրել շնորհալի, երիտասարդ և բարետես արտիստների: Սկզբնական ցուցակը բավական մեծ էր, այն ներառում էր շուրջ 30 հոգի, բայց, քանի որ «Եվրատեսիլ»-ում թույլատրելի են միայն 6-ը, Հանրային հեռուստաընկերությունը կատարեց խիստ ընտրություն՝ հաշվի առնելով կենդանի երգելու նրանց կարողությունները, ոճային և ձայնային տարբերություններն ու առանձնահատկությունները:

 

Եվրոպա աշխարհամասից ընտրեցինք Եսայի Ալթունյանին, քանի որ բացի գեղեցիկ ձայն ունենալուց, նա նաև որոշակի հայտնիություն ուներ Հայաստանում: Մի քանի տարի առաջ նա մասնակցել էր Հանրայինի երաժշտական նախագծերից մեկին, նկարահանել Երևանին նվիրված տեսահոլովակ:

 

Ասիա աշխարհամասում նույնպես շատ էին մասնակիցները, բայց Ստեֆանի Թոփալյանը մեզ համար բացահայտում էր՝ իմ բացահայտումը, քանզի ոչ ոք երբևէ չէր լսել նրա մասին Հայաստանում: Շատ դժվար էր նրան համացանցով գտնելը, բայց ճակատագիրը հրաշքներ է գործում: Ճապոնահայի հետաքրքիր դիմագծերով և նուրբ ձայնով մեր հայրենակցուհին նույնպես միացավ նախագծին:

 

Ամերիկայի դեպքում ավելի հեշտ էր մեր ընտրությունը,քանի որ այնտեղի հայ համայնքը շատ մեծ է և մենք որոշ չափով ճանաչում ենք բոլորին: Բացահայտումներ եղան Հարավային Ամերիկայում, բայց, ի վերջո, կանգ առանք նրբագեղ Թամար Կապրելյան երգչուհու վրա, որը նույնպես ուներ որոշակի հայտնիություն հայ երկրպագուների շրջանակներում, որոնք նույնիսկ մի քանի տարի առաջ սոցիալական ցանցերում ակտիվ քննարկում էին նրա անունը «Եվրատեսիլ»-ի շրջանակներում:


Աֆրիկայում ընտրությունն այդքան էլ մեծ չէր, մասնավորապես Եթովպիայում և Եգիպտոսում են հայերը հիմնված: Վահե Թիլբյանին ընտրեցինք, որովհետև կենդանի երգելու փորձ ունի, հիմնականում նվագախմբով է հանդես գալիս, ինչպես նաև մեծ հայրենասեր է և էնտուզիաստ:

 

Ավստրալիայում մենք ունենք ավագ սերնդի հրաշալի երգչուհի, մասնագետ Արաքս Մանսուրյան, հենց նա էլ խորհուրդ տվեց լսել իր աշակերտներից մեկին՝ Մերի-Ջինին: Այս ընտրությունը տևեց ընդամենը 1 րոպե: Առանց երկար մտածելու համաձայնեցինք, որովհետև օպերային երգչուհու այս հզոր ձայնը գերում է հենց առաջին րոպեից:

 

Խմբում չէր կարող չլինել Հայաստանի Հանրապետությունից որևէ մեկը, քանզի կամուրջը ստեղծվում է հենց Հայաստանի և «Եվրատեսիլ»-ի միջև: Եվ ահա այն երգիչը, որը կբացահայտվի տեսահոլովակի պրեմիերայով, հենց կենտրոնն է, միացնող օղակը, մեր «ծագումնաբանության» գենետիկ կապը: Նրա ձայնը հզոր է և բազմաոճ, նույնիսկ երգում նա կարծես կապող օղակն է 5 ձայների:

 

“Don’t deny” երգի և տեսահոլովակի մասին

Երգը նույնպես անցել է ներքին ընտրության փուլ: Մենք համագործակցել ենք բազմաթիվ հայ կոմպոզիտորների և խոսքերի հեղինակների հետ: Ինձ հատկապես այս տարի ուրախացրեց այն հանգամանքը, որ նախորդ տարվա մեր եվրատեսիլյան հաջողությունից հետո ոգևորություն կար և մեծ ցանկություն ստեղծելու հաղթական մի երգ: Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական թիմի ընտրությունը կանգ առավ կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանի և խոսքերի հեղինակ Իննա Մկրտչյանի համատեղ աշխատանքի վրա: Սա այն երգն էր, որն ամենից շատ էր համահունչ 6 երգիչների, «Եվրատեսիլ»-ի ֆորմատի և ցանկալի տրամադրության համար:

 

Որոշվեց երգը և տեսահոլովակը միաժամանակ մատուցել հանդիսատեսին: Կարծում ենք, որ այդպես երգն ավելի է տպավորվում և ասելիքն ավելի ցայտուն է լինում: Երգը համամարդկային արժեքների մասին է, իսկ ասելիքը մեկն է. «Երջանկությունը ծնվում է, երբ մարդիկ միասնական ու հաշտ են միմյանց հետ (ընտանիքում, սիրային և այլ հարաբերություններում): Սերունդները փոխվում են, բայց ծագումնաբանությունը՝ ոչ, ուստի սիրո ու համերաշխության արժեքները մնայուն են»:

 

Մասնակիցները կարճ ժամանակով այցելեցին Հայաստան, ձայնագրեցին երգը, նկարահավեցին տեսահոլովակում, որի ռեժիսորն է Արեն Բայադյանը: Ինչպես նաև լուսանկարվեցին մի քանի օրիգինալ ֆոտոշարքերում՝ աշխատելով ոճաբան Արմեն Գալյանի հետ: Տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա մարտի 12-ին Առաջին ալիքի երեկոյան եթերում' ժամը 21:30-ին Առաջին լրատվականի հիմնական թողարկումից անմիջապես հետո, ինչպես նաև Եվրատեսիլ երգի մրցույթի պաշտոնական www.eurovision.tv կայքում:

 

Գոհար Գասպարյան- «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար