Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը և հայտնի դաշնակահար Անդրե Մանուկյանը մասնակցել են «Ֆրանսիական երգի գաղտնի պատմությունը» շոուի նկարահանմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երկու արտիստներն իրենց ֆեսյբուքյան պաշտոնական էջերում տեղեկացրել են այդ մասին, և նշել, որ հաղորդումը մոտ ժամանակներս կհեռարձակվի France 3 հեռուստաալիքով:
«Դաշնամուրի դաս պարոն Շառլ Ազնավուրի հետ». այսպես է մակագրել Անդրե Մանուկյանն Ազնավուրի հետ իր տեղադրած նկարը:
Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:
Ֆրանսահայ դաշնակահար, երգերի հեղինակ, երաժիշտ, պրոդյուսեր Անդրե Մանուկյանը ծնվել է 1957թ. Լիոնում: Դաշնամուր է նվագում յոթ տարեկանից: Ավարտել է Բոսթոնի Բերքլիի երաժշտական քոլեջը: Ազնավուրի և բազմաթիվ այլ երգիչների ձայնասկավառակների պրոդյուսերն է, ինչպես նաև մի շարք հիթերի հեղինակ: