1915 թվականին Արևմտյան Հայաստանում ծավալվող իրադարձությունները ներկայացնող «Խավարում» գեղարվեստական կարճամետրաժ կինոնկարն առաջադրվել է ՀՀ նախագահի մրցանակի: Այս մասին փետրվարի 12-ին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ֆիլմի ռեժիսոր,Երևանի կամերային թատրոնիգեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը: 2013 թվականին ներկայացված ֆիլմն, ըստ ռեժիսորի, նոր է ստեղծում իր «կենսագրությունը»:
«Խավարում» ֆիլմը նկարահանվել է երկու տարի առաջ: Պետք է մեկ այլ ֆիլմ նկարահանվեր, որը կկոչվեր «Ջրհեղեղ», և այդ ֆիլմը կարճամետրաժ չէր, բայց, ցավոք, միջոցներ չգտանք: Բայց բավական հետաքրքիր կարծիքներ էին շրջանառվում այդ ֆիլմի սցենարի շուրջ: Որոշեցի այլ սցենարով կարճամետրաժ ֆիլմ նկարահանել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արա Երնջակյանը:
«Խավարում» կինոնկարում նկարահանվել են Աշտարակի դպրոցի երեխաները: «Սքանչելի երեխաներ են նկարահանվել, որոնք պատահական կերպով են ընտրվել: Ֆիլմը նվիրված է ցեղասպանության տարելիցին և պատմություն է, որ կապված է իրադարձությունների հետ: Շատերը համարում են, որ ինչքան դաժան տեսարաններ լինեն ֆիլմերում՝ ավելի լավ կկարողանան լուսաբանել ողբերգական իրադարձությունները: Այս ֆիլմում արյուն չկա, կան երեխաների աչքեր, ինչն ավելի հուզիչ է»,-նշեց Երնջակյանը:
Նրա խոսքով՝ ֆիլմը պատահաբար մասնակցել է մի քանի փառատոնի: «Այլ երկրներում ֆիլմը ներկայացնելու շատ հրավերներ կան»,-հավելեց նա: Երնջակյանի համոզմամբ՝ ցանկացած ողբերգության ժամանակ առաջինը տուժում են երեխաները: «Մեծերն ինչ-որ չափով կարողանում են վերապրել ողբերությունը: Երեխան անմեղ է, չի հասկանում, թե ինչպես ստացվեց, որ երեկ ինքը հայրիկ և մայրիկ ուներ, այսօր՝ ոչ:
Ռեժիսորը հավելեց, որ կարճամետրաժ ֆիլմն ապրիլին կցուցադրվի հեռուստատեսությամբ: Նախագիծն իրականացվել է 2013 թվականի ընթացքում: Ֆիլմի ռեժիսորը, համապրոդյուսերը և սցենարի հեղինակն է Արա Երնջակյանը, բեմադրող- նկարիչը` Արմեն Ղազարյանը, օպերատորը` Սուրեն Թադևոսյանը:
Դերերում հանդես են եկել Մելիսա Բրաունը, Վիգեն Ստեփանյանը, Ժաննա Թամիզյանը, Սոֆիկ Սարգսյանը, Արամ Կարախանյանը եւ Սենիկ Հարությունյանը: «Խավարում»-ի մտահղացումն իրականացվել է «Երկաթ փրոդաքշն»-ի կողմից` Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ։
Ամեն անպատիժ ոճրագործություն ծնում է նորը, երբ մարդու մեջ խավարում է մարդկայինը, նրա մեջ արթնանում է գազանը, և մարդկության ողջ պատմությունը դրա վառ ապացույցն է: Եվ ամենածանր բեռը, ամենադաժան հարվածը այս ամենի մեջ հասնում է երեխաներին, որոնց խեղված ճակատագրերը մեկ ակնթարթում հայտնվում են անդունդում: