2015 թվականը դերասանուհի Նաիրա Մովսիսյանը սկսել է շրջագայելով: Նոր տարին Եգիպտոսում դիմավորելուց հետո նա մեկնել է Եվրոպա, այս անգամ՝ գործնական նպատակներով:

 

 

««Դոն Ժուան ավիա» ներկայացման թիմով 15 օրվա ընթացքում եղել ենք Բելգիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում և եվրոպական մի շարք թատրոններում արժանացել մեր հայրենակիցների ջերմ ընդունելությանն ու բուռն ծափահարություններին»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց Նաիրան՝ հավելելով, որ ներկայացման ժամանակ դահլիճում նաև եվրոպացիներ են ներկա եղել: «Ճիշտ է՝ նրանք չէին հասկանում՝ ինչ ենք խոսում, բայց հավանում էին մեր խաղն ու բուռն արձագանքում»,- նկատեց դերասանուհին:

 

 

Ներկայացման ստեղծագործական թիմի հետ դերասանուհու օրերը շատ հագեցած և հետաքրքիր են անցել: «Իսկապես անմոռանալի և տպավորիչ օրեր ենք ունեցել: Ինչպե՞ս կարող էր շրջագայությունը Նարեկ Դուրյանի, Հրանտ Թոխատյանի կամ Լուիզա Ներիսիսյանի հետ տխուր անցել:): Հենց ազատ պահ էինք ունենում, դուրս էինք գալիս զբոսնելու. մի շարք հետաքրքիր, պատմամշակութային արժեք ունեցող վայրեր ենք գնացել: Այդ 15 օրն այնքան խիտ գրաֆիկով է անցել, որ հիմա նույնիսկ դժվարանում եմ հիշել բոլոր այն վայրերը, որտեղ եղել ենք»,- նշեց դերասանուհին:

 

 

Առաջին անգամ Եվրոպա գնացած Նաիրան շատ է հավանել տեղացիներին: «Հիանալի մարդիկ էին, շատ հանգիստ, անհոգ. տպավորություն էր, որ ոչ մի դարդ ու ցավ, հոգս չունեն: Ահավոր ալարկոտ էին»,- ասաց նա:

 

Խոսելով առաջիկա ստեղծագործական նորություններից՝ Նաիրան հայտնեց, որ այս շրջանում մի շարք նոր հեռուստասերիալներում նկարահանվելու առաջարկներ են եղել: «Մի երկու օր հանգստանալուց հետո կսկսեմ դրանց մասին մտածել: Չեմ բացառում, որ առաջիկայում նորից էկրաններին կլինեմ»,- եզրափակեց դերասանուհին:

 

 

 

 


Ներկայացրեց Մերի Պողոսյանը