Հայաստանում այս տարի անցկացվելիք Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի թեմատիկան է սերն է: Այս մասին փետրվարի 6-ին, փառատոնի բացմանն ընդառաջ կայացած ասուլիսի ժամանակ նշեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը:
«Գերագույն հաճույք է խոսել բրիտանական ֆիլմերի փառատոնի մասին: Այս տարի ներկայացվել են անցած տարի ստեղծված լավագույն ֆիլմերը, որոնք ես դիտել եմ: Ընտրված ֆիլմերի թեման սերն է հայրենիքի, բնության հանդեպ, և այն, թե ինչպես սերը կարող է բուժել մարդուն», - ընդգծեց դեսպան Լիչը:
Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 14-ին, ժամը 16.30-ին Մոսկվա կինոթատրոնում` «Օսկար»-ի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրված «Նմանակման խաղ» ֆիլմով:
«Ամեն տարի փառատոնի միջոցով մենք փորձում ենք ներկայացնել Մեծ Բրիտանիան, ինչպես նաև որոշում ենք թեմա, որի ներքո անցնում է փառատոնը: Սիրո թեման որոշեցինք ընտրել այս տարի, քանի որ փառատոնը որոշվեց անցկացնել փետրվարին և այն մոտ էր թե' Սուրբ Սարգսի տոնին, թե' Սուրբ Վալենտինի տոնին: Այս տարի ևս փառատոնի շրջանակում կցուցադրվի յոթ ֆիլմ, որոնք արժանացել են բազմաթիվ մրցանակների ու ստացել կինոքննադատների բարձր գնահատականը»,- ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Բրիտանական Ֆիլմերի 13-րդ փառատոնը կազմակերպում են Բրիտանական խորհուրդը և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը:
Փառատոնի շրջանակում մայրաքաղաքում և մարզերում կցուցադրվի յոթ ֆիլմ, որոնք պատմում են սիրո, հավատարմության, հասարակության ստեղծած կանոնների, երջանկության համար տարվող պայքարի ու հաղթանակի մասին: Երևանում ֆիլմերը կցուցադրվեն փետրվարի 14-ից մինչև փետրվարի 20-ը` «Մոսկվա» և «Սինեմա Սթար» կինոթատրոններում: Երևանյան ցուցադրությունից հետո ֆիլմերը կներկայացվեն Դիլիջանում (5-7-ը մարտի, «UWC Դիլիջան Քոլեջ»-ում), Արարատում (16-18-ը մարտի, Արարատի Մշակույթի պալատում) և Արմավիրում (20-22-ը մարտի, Արմավիրի մշակույթի պալա տում)։ Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:
Ստորև ներկայացնում ենք Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնին ներկայացվելիք ֆիլմերի հակիրճ ներկայացումն ու թրեյլերները.
Փառատոնի ծրագիրը ներկայացնում է ջերմ ընդունելության արժանացած բրիտանական ֆիլմերը, «Բելը», «Անտեսանելի կինը», «Հնարավորություններն անսահման են», «X+Y», «Վիրունգա», «Սերն ամեն ինչ է»:
«Նմանակման խաղ»
Պատմական դրամա է բրիտանական ձեռագրաբան Ալան Թյուրինգի մասին, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կոտրել էր Երրորդ Ռայխի «Էնիգմա»-ի կոդը, ավելի ուշ ենթարկվել էր քրական պատասխանատվության համասեռամոլության համար: Թյուրինգի դերը տարել է բրիտանացի դերասան Բենիդիկտ Կումբերբետչը:
«Բելը» Ֆիլմի ստեղծումը ներշնչված է 1779 թ. ստեղծված Դայդո Էլիզաբեթ Բելի և իր զարմիկ լեդի Էլիզաբեթ Մյուրրեյի նկարով, որը պատվիրված էր նրանց մեծ հորեղբայր Ուիլիամ Մյուրեյի (Առաջին կոմս Մեյնսֆիլդի) կողմից: Իրականում, շատ քիչ տեղեկություն է հայտնի Սայդո Բելի կյանքի մասին, ով ծնվել էր Կարիբյան կղզիներից մեկում և Մեյնսֆիլդի զարմիկի խառնածին դուստրն էր:
«Անտեսանելի կինը»
Ֆիլմը Չարլզ Դիքենսի և երիտասարդ դերասանուհի Հելեն Թերնանի սիրո մասին է: Սիրավեպը սկսվել էր 1857թ. և տևում է 13 տարի. Այն դարձավ գրողի ընտանիքի պառակտման պատճառ և դրդեց նրան ընդգրկել սիրեցյալի անունն իր կտակում, ինչով ապահովեց սիրած կնոջ ապահով կյանքը մինչև կյանքի վերջ:
«Հնարավորություններն անսահման են»
Ֆիլմի պատմությունը ներկայացնում է Կառատի եղբայրների կյանքի մի հատվածը, որը ծավալվում է 1966-2000 թթ.: Անկախ իրենց բնավորությունների կտրուկ տարբերությունից, կենսախինդ ռոմանտիկ Նիկոլան և ինքնամփոփ ոստիկան Մաթեոն միշտ զգացել են իրենց միավորող հոգևոր նմանությունը, որի շնորհիվ տասնյակ տարիների ընթացքում պահպանել են եղբայրներական կապը:
«X+Y»
Ինքնամփոփ հրաշամանուկը դառնում է ինքնավստահ և ձեռք բերում նոր ընկերներ նրանից հետո, երբ ներառվում է Մեծ Բրիտանիան ներկայացնող մաթեմատիկոսների թիմում, որը պատրաստվում է մասնակցել միջազգային օլիմպիադային:
«Վիրունգա»
Այս վավերագրական ֆիլմը պատմում է արկածախնդիրների մի խմբի մասին, ովքեր որոշում են փրկել լեռնային գորիլաների ընտանիքի վերջին ներկայացուցչին` Կոնգոյում հերթական քաղաքացիական պատերազմի սկզբին:
«Սերն ամեն ինչ է»
Ֆիլմը ճանապարհորդություն է քսաներորդ դարով և ներկայացնում սիրո դրսևորումները սոցիալական անհավասարության պայմաններում: Այն ներկայացնում է սիրո պատմությունը սկսած` տեսախցիկի ստեղծման ժամանակաշրջանից: Ֆիլմում օգտագործված են Կինեմատոգրաֆիայի բրիտանական ինստիտուտի և Յորքշիրի ֆիլմերի արխիվներից նյութեր: