«Օսկար» մրցանակաբաշխության ութ անվանակարգերում առաջադրված «Նմանակման խաղ» ֆիլմը հայկական կինովարձույթում է: Փետրվարի 5-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ արդեն իսկ մի շարք մրցանակների արժանացած ֆիլմի պրեմիերան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ռեժիսոր Մոթեն Թուլդումի պատմական դրաման անգլիացի մաթեմատիկոս-տրամաբան Ալան Թյուրինգի մասին է, ով օգնում է ջարդել «Էնիգմա» գաղտնագիրը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ: Թյուրինգը հետագայում քրեական պատասխանատվության ենթարկվեց համասեռամոլության համար:
Ֆիլմը նկարահանված է Էնդրյու Խոջեսի «Ալան Թյուրնգ: Էնիգմա» վեպի հիման վրա գրված սցենարով: Կինոնկարի գլխավոր դերում հանդես է գալիս անվանի դերասան Բենեդիկտ Քամբերբեչը, ով հենց մարմնավորել է Ալանին: Կինոնկարում խաղում են նաև դերասաններ Քիրա Նայթլին, Մեթյու Գուդը, Չարլզ Դենսը, Մարք Սթրոնգը և այլք:
Ֆիլմն, ի թիվս այլ պարգևների, այս տարի դարձել է Տորոնտոյի փառատոնի գլխավոր մրցանակակիր: Այն առաջին անգամ ներկայացվել է Թելուրիդի փառատոնին՝ նախորդ տարվա օգոստոսին: