Կինոսերների համար փետրվարը յուրահատուկ ամիս է, քանի որ հենց այս ամսվա ընթացքում նրանք կկարողանան դիտել մի շարք  սպասված կինոնկարներ: «Սինեմա Սթար» կինոթատրոնը ներկայացրել է այն ֆիլմերի ցանկը, որոնք հնարավոր կլինի դիտել այս ամիս:


«Արմենպրես»- ի փոխանցմամբ՝ «Մատրիցա» եռապատման ստեղծողների՝ Վաչովսկի եղբայրների  «Յուպիտերի վերելքը» ֆիլմը հնարավոր կլինի դիտել փետրվարի 5-ին: Ֆանտաստիկ ժանրի մարտաֆիլմում խաղում են Միլա Կունիսը և Չեյնինգ Թեյթումը:

 

 

 

Նույն օրվանից հնարավոր կլինի դիտել նաև ռեժիսոր Էրիկ Վան Լոյի «Լոֆտ» մարտաֆիլմը: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Գենտի միջազգային կինոփառատոնում:  Ի դեպ, ֆիլմում խաղում է նաև հայտնի «Փախուստ բանտից» սերիալի դերասան Ուենթվորթ Միլերը:

 

 

«Օսկար»  մրցանակաբաշխության ութ անվանակարգերում ընդգրկված «Նմանակման խաղ» ֆիլմը ևս կինոէկրաններին կհայտնվի փետրվարի 5-ին: Կինոնկարն անգլիացի մաթեմատիկոս և տրամաբան Ալան Թյուրինգի մասին է, ով օգնում է ջարդել Էնիգմա գաղտնագիրը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ: Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս անվանի դերասաններ Բենեդիկտ Քամբերբեչը և Քիրա Նայթլին:

 

 

Ռեժիսոր Մեթյու Վոնի «Քինգսմեն.գաղտնի ծառայություն» կինոնկարն էլ էկրաններին կհայտնվի փետրվարի 12-ին: Մարտաֆիլմում խաղում են Քոլին Ֆերթը և Սեմուել Լ. Ջեքսոնը:

 

 

«Մոխրագույնի 50 երանգները» սկանդալային ֆիլմը հայկական կինովարձույթում կհայտնվի փետրվարի 12-ին: Է.Լ. Ջեյմսի համանուն ստեղծագործությունը բեսթսելերների ցանկում է: Ի դեպ, որոշ եվրոպական երկրներում անչափահասներին չեն թույլատրելու մտնել կինոթատրոն և դիտել ֆիլմը՝ էրոտիկ բնույթի բովանդակության պատճառով:  

 

 

Սպունգ Բոբի սիրահարները փետրվարի 12-ից կդիտեն մուլտհերոսին նվիրված նոր անիմացիոն ֆիլմ: Բոբն այս ֆիլմում սուպերհերոս է լինելու:

 

 

Գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Սպի» ֆիլմը վարձույթում կհայտնվի փետրվարի 19-ին: Ֆիլմը պատմում է Ցեղասպանությունը վերապրած հայ մարդու` Նազարեթ Մանուկյանի մասին, ով տարիներ անց հանկարծակի իմանում է, որ իր զույգ աղջիկները հնարավոր է ողջ են մնացել և սկսում է նրանց փնտրտուքները: Ֆիլմում նկարահանվել են Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Ակին Ղազին և այլք: