ESem.am-ն իր ընթերցողներին հայտնել է, որ այսօրվանից USArmenia-ի եթերում կլինի «Բախտաբեր» հեռուստանովելը, որում խաղում են Սոս Ջանիբեկյանը, Սարգիս Գրիգորյանը, Էթերի Ոսկանյանը, Անժելա Սարգսյանը, Հարություն Մովսիսյանը, Սոֆի Դևոյանը և այլք:

 

 

ESem.am-ի հետ զրույցում գլխավոր հերոսներից մեկը՝ Սարգիս Գրիգորյանը, հայտնեց, որ մարմնավորում է սիրային եռանկյունու կողմերից մեկին: «Ֆիլմում ես և Սոս Ջանիբեկյանը հակառակորդներ ենք, սակայն կերպարս հակահերոս չէ: Մինչ այս խաղացածիս ընթացքում այդ տղայի մեջ «հակա» չեմ տեսել: Նորմալ տղա է, ով ուզում է լավ ընտանիք ունենալ, սիրած աղջկա կողքին լինել, բայց հանգամանքների բերումով լինում են խոչընդոտներ: Պարզապես նա սիրում է հեոսուհուն, որը սիրում է այլ տղայի,- ասաց դերասանն ու հավելեց,- Այժմ երկուսն էլ հերոս են, բայց չգիտեմ ինչպես կզարգանա իրավիճակը»:

 

 

Սարգսի խոսքով՝ ինքն ուզում է պահպանել կերպարի մարդկային բոլոր գծերը, եթե նույնիսկ հակահերոսի մարմնավորի: Ըստ նրա՝ ֆիլմում ներկայացված են հարուստ-աղքատ փոխհարաբերությունները, սոցիալական պայմանների պատճառով զոհողությունների գնալը, տղամարդկային որակները: «Անհասկանալի պատճառներով այսօր աղքատներն իրենց լավ չեն զգում հարուստների միջավայրում»,- ավելացրեց Սարգիսը, ով մարմնավորում է հարուստ տղայի:

 

 

Տևական ժամանակ է, ինչ դերասանը չի ներկայացել հեռուստասերիալներոմ, նա նշեց որ առաջարկն ընդունելու մի քանի դրդապատճառ ուներ: «Նախ՝ բավականին լուրջ կազմ է հավաքվել. ներգրավված են այնպիսի դերասաններ, ում հետ հաճելի է խաղալ, ռեժիսորը բավականին լուրջ ճանապարհ է անցել սերիալների ոլորտում: Բացի այդ, երկար դադարից հետո կրկին սերիալում խաղալու ցանկությունս մեծ էր»,- եզրափակեց Սարգիսը:


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը