Հայոց ցեղասպանությունը մեր պատմության ամենացավոտ էջն է և այս թեմայի անհարկի շահարկումն ավելի  մեծ ցավ է պատճառում: Այն, որ ծագումով թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինը ձեռնամուխ էր եղել այս թեմայով ֆիլմի նկարահանմանը դեռ բավարար չէր, շատ կարևոր էր, թե ինչպես նա կներկայացնի հայերիս համար չափազանց նուրբ ու ցավոտ թեման:


Այսօր Երևանում կայացավ Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմի փակ դիտումը, որին ներկա էր նաև ESem.am-ը: Ռեժիսորը կարողացել էր պատմությունն այնպես ներկայացնել, որ վերապրես 20-րդ դարի մեծ ողբերգության ցավը: Այն ցույց է տալիս, որ ցեղասպանության զոհերը միայն այն մեկուկես միլիոնը չեն, ովքեր մահացան... այս ողբերգությունը իր հետևից բազմաթիվ խեղված ճակատագրեր է թողել:


Ֆիլմը ներկայացնում է ոչ միայն 1915 թվականի վայրագությունները, այլև դրան հաջորդած խեղված ճակատագրերը. թե ինչպես են մի ընտանիքի անդամները տարիներ շարունակ փնտրում իրար օտար ափերում, ինչ սարսափելի ճանապարհ են անցնում նրանք…

Ցուցադրությանը հաջորդած ասուլիսին գերմանաբնակ ռեժիսորը հայտնեց, որ առաջին անգամ Հայաստանում եղել է 2010 թվականին՝ «Ոսկե ծիրանի» շրջանակներում: «Ինձ համար շատ հատուկ և նշանակալի ժամանակահատված էր: Բավականին զգայուն պահ էր թուրքական ծագումով մարդու համար գալ այստեղ: Այն ժամանակ արդեն կար ցեղասապանության մասին ֆիլմի գաղափարը: Այդ այցը եղավ ֆիլմի առաջին անկյունաքարը, և ես ինձ խոսք տվեցի, որ վերադառնալու եմ Երևան արդեն պատրաստի ֆիլմով: Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնեցին ինձ ի կատար ածել ինքս ինձ տված խոստումը»,-ասաց Ֆաթիհ Աքինը:

Ռեժիսորը նշեց, որ ֆիլմը ստեղծելիս մի քանի առանցք և բանալի է ունեցել: «Հիմնական գաղափարն այն էր, որ իմ ծնողները սերում են մի երկրից, որտեղ խոսքի ազատության սահմանափակումներ կային և հիմա էլ կան այս թեմայի շուրջ: Ժամանակին Թուրքիայում հնարավոր չէր օգտագործել «ցեղասպանություն» բառը, հիմա էլ քիչ է հնարավոր: Բայց ես հավատում եմ խոսքի ազատությանը. դա ամենակարևոր արժեքներից մեկն է, և այն պետք է պաշտպանենք:

 

Իմ նպատակն էր ցույց տալ, վերահաստատել, որ Թուրքիայում կա քաղաքացիական շարժում, որն աճել է հատկապես Հրանտ Դինքի սպանությունից հետո, և որ ցեղասպանությունը հիշվում է և ընդունվում: Սա քաղաքացիական շարժում է, ոչ քաղաքական, և ես դրա մասն եմ: Քանի որ Թուրքիայում ժողովրդականություն եմ վայելում, մտածեցի, որ Նազարեթի պատմությունը պատմելով, ես հարցեր կառաջացնեմ և կհաստատեմ քաղաքացիական շարժման գոյությունը»,- նշեց Ֆաթիհ Աքինը:

Ռեժիսորը նկատեց, ամբողջ աշխարհում շատ մարդիկ չգիտեն 1915 թվականի մասին: «Եթե ֆիլմն ինչ-որ լար է շարժում քո հոգում, սկսում ես տեղեկանալ այդ իրադարձությունների մասին: Ինչո՞ւ հիշել, ինչու՞ տեղեկանալ, դա կողմեր բռնելու համար չէ: Ես գործ չունեմ, բայց կարծում եմ, որ անցյալը ճանաչելն այն չկրկնելու միակ ձևն է»,- շեշտեց նա:


Ռեժիսորի խոսքով՝ «Սպին» Թուրքիայում ցուցադրվում է մեծ կինոթատրոններում: «Երկու տարի առաջ հնարավոր չէր լինի ցուցադրել այն, սակայն այժմ միայն Ստամբուլում չէ, որ ներկայացրել ենք, այլ քաղաքներում էլ է ցուցադրվել: Մեր նպատակը միշտ էլ եղել է կինոնկարը տանելը և պատմությունը Թուրքիայում փոխանցելը: 18-20 տարեկան երիտասարդները ֆիլմը դիտելուց հետո, ասում են՝ մենք սրա մասին բան չենք իմացել, գնում, ճշտում, կարդում են դեպքերի մասին»,- ասաց Ֆաթիհ Աքինը: Նրա խոսքով՝ դա լավագույն արդյունքներից է, որին ֆիլմը կարող էր հասնել:

«Ես հինգ տարի անցկացրեցի ցեղասպանության հետ, քնում էի՝ ցեղասպանություն էր, արթնանում էի՝ ցեղասպանություն, և այդ թեման այնքան էի անցկացրել իմ միջով, որ ինձ թվում էր, թե ամբողջ աշխարհը գիտի այդ մասին»,- նշեց Ֆաթիհ Աքինը, ով եղել է նաև Ծիծեռնակաբերդում, խոսել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ:


Ռեժիսորի փոխանցմամբ՝ Հայկ Դեմոյանն իրեն ասել է, որ չմոռանա նաև այն մարդկանց մասին, ովքեր օգնել են հայերին, ապաստան տվել… «Մինչ նրա հետ խոսելը ես չգիտեի՝ ինչպիսին է ֆիլմում լինելու իմ վերաբերմունքը թուրքերին: Դրանից հետո ստեղծվեց մի թուրքի կերպարը, որը օգնում է հային»,- ասաց նա՝ անդրադառնալով բարբարոս թուրքերի կողքին ներկայացրած մի կերպարին, որն օգնում է հերոսին փրկվել:

Ֆաթիհ Աքինը շեշտեց, որ սա մի մարդու ճակատագիր չէ. հերոսն  իր մեջ ամփոփում է Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդկանց պատմությունները, ովքեր մինչ օրս փնտրում են իրենց ընտանիքի անդամներին։


Ֆիլմի սցենարի համահեղինակ Մարտին Մարդիկը խոստովանեց, որ երբ ռեժիսորը սցենարը գրելու համար դիմել էր իրեն, դժվարությամբ է համաձայնել, սակայն հետո հասկացել է, որ նա շատ անկեղծ է մոտենում ֆիլմին: «Ես հույս ունեմ, որ կարողացա իր ուզածն անել։ Կարծում եմ՝ վատ գործ չի ստացվել։ Սա Ցեղասպանության մասին ֆիլմերից ամենանկեղծն է, նման ֆիլմ դեռ չի ստեղծվել»,- կարծում է հայազգի սցենարիստը։

Դերասանուհի Արևիկ Մարտիրոսյանն էլ նշեց որ շատ հուզիչ է եղել իր հանդիպումը Ֆաթիհ Աքինի հետ։ «Նա Ֆրանսիայում փնտրում էր հայազգի դերասանների, ովքեր խոսում են անգլերեն: Միայն հանդիպման ընթացքում ես հասկացա, որ նա ցանկանում է Ցեղասպանության մասին ֆիլմ նկարել։ Ես հաճույքով եմ խաղացել այս ֆիլմում»,- հիշեց նա։


Ֆիլմում նկարահանվել են եկել Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Արևիկ Մարտիրոսյանը, Ակին Գազին, գլխավոր հերոսին մարմնավորել է ֆրանսիացի դերասան Թահար Ռահիմը: Սցենարի հեղինակներն են հենց ռեժիսորը՝ Ֆաթիհ Աքինը և Մարտիկ Մարդինը:


Իսկապես, հուզիչ ֆիլմ էր. Ամալյա Հովհաննիսյան