Ամերիկահայ ռոք երգիչ, երգահան, հայտնի «System of a Down» ալտերնատիվ մետալ-ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը երաժշտություն է գրում Արցախի մասին պատմող նոր՝ «Վերջին բնակիչը»  ֆիլմի համար: «Արմենպրես»-ի թղթակցին այս մասին տեղեկացրեց ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը: «Սկսում ենք «Վերջին բնակիչը»  ֆիլմի նախապատրաստական աշխատանքները, և արդյունքում ամռանը նկարահանումներ կանցկացնենք: Ֆիլմի կոմպոզիտորը կլինի Սերժ Թանկյանը: Նա արդեն սկսել է աշխատել ֆիլմի երաժշտության վրա»,-նշեց Ջիվան Ավետիսյանը:


Ռեժիսորը նախորդ տարի Կաննի 67-րդ փառատոնի կինոշուկայում  ներկայացրել էր իր վերջին՝ արցախյան ազատամարտի մասին պատմող, հայ-լիտվական համատեղ արտադրության «Թևանիկ» ֆիլմը, ինչպես նաև իր նոր` «Վերջին բնակիչը» ֆիլմի նախագիծը: Վերջինիս մասին Ջիվան Ավետիսյանը խոսել էր կինոշուկայի թե՛ հայկական և թե՛ ռուսական տաղավարներում` առաջացնելով ադրբեջանական հերթական հիստերիան:

 

«Վերջին բնակիչը» ֆիլմի դեպքերը տեղի են ունենում 1988-1989 թվականներին: Կինոնկարի կիզակետում դարձյալ Արցախն է: Դեպքերն ընթանում են Արցախի գյուղերից մեկում: Այն մի մարդու մասին պատմող դրամատիկ պատմություն է: Ներկայացնում է 1988-1989 թվականի դեպքերը` Սումգայիթի ողբերգությանը զուգահեռ, որը չնայած չկա ֆիլմում, բայց իր հետքն է թողել մարդկանց վրա: Կինոնկարի սցենարի հեղինակներն են Ծովինար Խաչատրյանը և Մասիս Բաղդասարյանը: Ջիվան Ավետիսյանի նոր ֆիլմում գլխավոր հերոսներին կմարմնավորեն հայտնի դերասաններ այլ երկրներից: