Հայ կինոսերները հունվարի 22-ից կինոթատրոններում հնարավորություն ունեն դիտելու «Փեդինգթոնի արկածները» ընտանեկան կինոնկարը: Փոքրիկ արջուկի մասին պատմող ֆիլմի առաջին ցուցադրությունը Մեծ Բրիտանիայի դեսպանատան նախաձեռնությամբ անցկացվեց «Սինեմա Սթար» կինոթատրոնում: Ֆիլմն արտադրվել է 2014 թվականի վերջին և առաջին անգամ ներկայացվել է Լոնդոնում՝ նախորդ տարվա նոյեմբերին: Կինոնկարում մի ամբողջ աստղաբույլ է խաղում՝ դերասաններ Նիքոլ Քիդմանը, Հյու Բոնեվիլը, Սալի Հոքինսը և այլն: Նորաստեղծ ֆիլմի պրոդյուսերն է «Հարրի Փոթեր» ֆիլմից ճանաչված Դեյվիդ Հեյմանը:


ՀՀ-ում Բրիտանիայի փոխդեսպան Ամայիս Մորզն ընդգծեց, որ անհամբերությամբ է սպասում ֆիլմի պրեմիերային:

««Փեդինգթոնի արկածները» ֆիլմը միայն երեխաների համար չէ: Այն բոլորի համար է: Ես դեռ ֆիլմը չեմ դիտել, սակայն մեծացել եմ Փեդինգթոն արջուկի մասին պատմող պատմություններով: Սա պամություն է մի արջի մասին, ով վարվում է այնպես, ինչպես մարդը: Պատմության գաղափարը, կարծում եմ, հետևյալն է՝ պայքարիր և կհասնես այն ամենին, ինչ ցանկանում ես»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց փոխդեսպանը:

 

1956 թվականին BBC-ում որպես օպերատոր աշխատող Մայքլ Բոնդն առաջին անգամ ստեղծեց Փեդինգթոն արջուկի կերպարը: Նա հազիվ թե այն ժամանակ պատկերացներ, որ հեռավոր Պերուից Լոնդոն եկած արջն աշխարհով մեկ այդքան ճանաչված և սիրված է դառնալու: 

 

«Փեդինգթոնի արկածները» ֆիլմը բրիտանացի ռեժիսոր Փոլ Քինգի աշխատանքն է: Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ արտադրության կինոնկարը ՌԴ-ում և Հայաստանում ներկայացվում է հունվարի 22-ից: