«Օսկար» մրցանակաբաշխության այս տարվա ինն անվանակարգերում առաջադրված «Բյորդմեն» ֆիլմն արդեն Հայաստանի կինոէկրաններին է: Հունվարի 22-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ արդեն իսկ մի շարք մրցանակների արժանացած ֆիլմի պրեմիերան:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի նոր ֆիլմի գլխավոր հերոսը ժամանակին հանրահայտ Բյորդմենի դերը խաղացած նախկին դերասանն է, ով իր կարիերայի մայրամուտին որոշում է խաղալ նոր բրոդվեյան պրեմիերայում: Սակայն մինչ այդ նա դեռ պետք է վերականգնի իր փլուզված անձնական կյանքն և վերադարձնի երբեմնի փառքը:
«Բյորդմեն»-ը Ինյարիտուիի առաջին աշխատանքն է «սև կատակերգության» ժանրում: Գլխավոր դերում հանդես է գալիս դերասան Մայքլ Քիթոնը: Բացի այդ, ֆիլմում խաղում են Էմմա Սթոունը, Նաոմի Ուոթսը, Էմի Ռայանը և այլ հայտնի դերասաններ: «Ոսկե գլոբուս 2015» մրցանակաբաշխության ժամանակ ֆիլմն ստացել է երկու մրցանակ՝ որպես լավագույն սցենարն ունեցող ֆիլմ, իսկ կատակերգություն և մյուզիքլ ժանրում լավագույն դերասան է ճանաչվել Մայքլ Քիթոնը: