ESem.am-ի ընթերցողները տեղյակ են, որ «The Beautified Project»-ը 2 նոր տեսահոլովակ ունի, որոնց պրեմիերաները նախատեսվում էր ուշ ձմռանը: Խմբի առաջին տեսահոլովակի պրեմիերան կկայանա հունավարի 27-ին, մինչ այդ՝ «The Beautified Project»-ի վոկալիստ Անդրե Սիմոնյանը որոշ բացահայտումներ է արել ESem.am-ի ընթերցողների համար:
Խմբի երկու տեսահոլովակն էլ նկարահանվել է «Black wooden nest» երգի հիման վրա: Տեսահոլովակներում երգը ներկայացված է տարբեր գործիքավորմամբ: Երգի ակուստիկ` թավ ջութակով տարբերակի տեսահոլովակը նկարահանվել է Գերմանիայում, բենդով ներկայացված տարբերակը՝ Հայաստանում:
«Ակուստիկ տարբերակի պրեմիերան կկայանա Գերմանիայի այն համերգասրահում, որտեղ նկարահանվել է՝ փետրվարի վերջին կամ մարտի սկզբին: Այդ փուլում Արվին Քոչարյանի հետ այնտեղ ներկայացնելու ենք «The Beautified Project»-ի տասը տարվա աշխատանքների «արտ»-երի ցուցահանդեսը»,- հայտնեց Անդրեն:
Տեսահոլովակի մյուս տարբերակը նկարահանվել է Սևանա լճի ափին՝ նախորդ ձմռանը: Ռեժիսորները Անդրեն և Մարիամ Գևորգյանն են: «Մի օր արթնացա և տեսա, որ հենց այն եղանակն է, որը ես ուզում էի լիներ, զանգեցի Սևան, իմացա՝ ինչ եղանակ է, զանգեցի Մարիամին ու անմիջապես գնացինք նկարահանելու իմ հատվածները: Հետո էլի սպասում էինք համապատասխան եղանակի, որպեսզի նկարահանենք խմբի մյուս անդամների տեսարաnները»,- պատմեց վոկալիստը:
Մոտ 1 տարի առաջ նկարահանված տեսահոլովակը խումբը միայն հիմա է ներկայացնում հանդիսատեսին, որովհետև, Անդրեի խոսքով, այս տարի շատ տարբեր նախագծեր են իրականացրել: «Այս երգն ինձ համար շատ մեծ նշանակություն ունի: Ուզում էի, որ այս տեսահոլովակն իր տեղն ունենա և չխառնվի մյուս պրոյեկտների հետ»,- նշեց նա:
Փետրվարի 7-ին խումբը համերգ կունենա Ուլիխանյան ակումբում: Անդրեն հայտնեց, որ համերգի մասին հայտարարելուց 3-4 օր անց բոլոր տոմսերը սպառվել են: «Որոշեցինք փետրվարի 8-ին էլ համերգ ունենալ, հնարավոր է՝ փետրվարի 6-ին ևս համերգ դնենք, որովհետև պահանջարկը շատ է»,- ոգևորությամբ հայտնեց երաժիշտը:
Ա. Հ.