Ավստրալացի դերասան Ռասել Քրոուի «The Water diviner» (Ջուր փնտրողը) ֆիլմը մեծ աղմուկ է բարձրացրել միջազգային հարթակում: Մինչ ֆիլմի ռեժիսորին եւ կինոընկերությանը հայերն ու հույները ուղարկում են նամակներ եւ իրենց անհամաձայնությունը հայտնում ֆիլմի բովանդակության առնչությամբ, բազմաթիվ օգտատերեր գրոհել են դերասանի twitter-ի էջը: 


«Արմենպրես »-ի փոխանցմամբ, բազմաթիվ օգտատերեր Քրոուի էջում, որն, ի դեպ, ունի ավելի քան 1,5 միլիոն հետեւորդ, գրում են նամակներ եւ իրենց անհանգստությունը հայտնում առ այն, որ ֆիլմում Քրոուն խեղաթյուրել է փաստերն ու պատմությունն այլ կերպ ներկայացրել: Դրան զուգահեռ Քրոուն համացանցում գովազդային արշավ է սկսել եւ գրեթե ամեն օր ներկայացնում է նոր պատմություններ, տեսակետեր ու դրվագներ ֆիլմի առնչությամբ:


Բացի հանդիսատեսից, ֆիլմի առնչությամբ իր տեսակետն են հայտնում նաեւ պատմաբաններ, ցեղասպանագետեր, լրագրողներ:

Սիդնեյի համալսարանում ցեղասպանության ուսումնասիրման բաժնի դոկտոր Պանաիտոս Դիամադիսը «Սատանայական բանակ. «The water diviner»- ի մութ կողմը» հոդվածում ներկայացնում է պատմական փաստերը, որոնք Քրուն եւ ֆիլմի մնացած անձնակազմը խեղաթյուրել են: «Հարցազրույցներից մեկում Քրոուն հայտարարել է, որ «ժամանակն է եկել, 100 տարի անց, բացահայտելու այդ առասպելը»: Բացահայտման համար ֆիլմում պետք է առաջին հերթին ընդգրկված լինեին Անատոլիայի բնիկ ժողովուրդների մասին պատմությունները նույնպես, ովքեր ենթարկվել են ցեղասպանության հենց այն ժամանակ ահատվածում, որի դեպքերը նկարագրվում են ֆիլմում: Ֆիլմը թյուր տպավորություն է թողնում եւ վիրավորում է Անատոլիայի բնիկ` հայ, հույն, ասորի ժողովուրդներին եւ ցեղասպանությունը վերապրածների ժառանգներին»,- գրել է նա:

 

Հոդվածում «Պատմություն եւ ֆանտազիա» ենթավերնագրում Պանաիտոս Դիամադիսը ներկայացրել է պատմական այն փաստերը, որոնք այդպես էլ ֆիլմում չեն ընդգրկվել, եւ հանդիսատեսի ու Քրոուի հազարավոր երկրպագուների մոտ սխալ կարծիք է ձեւավորվել: Դիամադիսն առաջարկում է պատմության խեղաթյուրման փաստին լուրջ մոտենալ:

 

Ավստրալացի հայտնի պատմաբան Փիթեր Սթենլին The water diviner-ն անվանում է  «հիմնովին հիմար ֆիլմ»: «The Water Diviner-ում ամեն ինչ մտացածին է և ոչ համոզիչ: Այդ հիմար ֆիլմն արժանի չէ այն ուշադրությանը, որը ստանում է: Դրանում որևէ անդրադարձ չի արվում Օսմանյան կայսրության գոյության ժամանակ տեղի ունեցած հայերի սպանդին»,- ասել է նա:

 

Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանն իր հերթին նկատել է, որ «զարմանալի չէ, թե ինչու է Թուրքիան նման ջանասիրությամբ գովազդում այս ֆիլմը, որը փորձում է թուրքերին ներկայացնել զոհի դերում»:

 

Greek Australia reporter կայքը գրում է, որ ֆիլմում հայերն ու հույները ներկայացվում են որպես բարբարոսներ, արյունարբու զավթիչներ, այլ ոչ որպես բնիկներ, որոնց դեմ Օսմանյան Կայսրությունը սպանդ է սկսել:

 

Ֆիլմի սցենարի առնչությամբ իր զարմանքն է հայտնում նաեւ Zaman-ի թղթակիցը: Որեւէ խոսք չասելով հայերի եւ հույների ցեղասպանության մասին, Zaman-ի թղթակիցը գրում է, որ ֆիլմում չափազանցված են պատմական փաստերը, «մաչոյականությունն ու շովինիզմը գերակշռում է»:

 

Գալիպոլիի ճակատամարտի մասին պատմող ֆիլմն ի սկզբանե ներկայացվում էր որպես Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում հայ եւ հույն ժողովուրդների ցեղասպանության մասին պատմավավերագրական ֆիլմ: Իրականում, ֆիլմը խեղաթյուրել է պատմական փաստերն ու հանդիսատեսին ներկայացրել պատմական դեպքերն ու ընթացքը բացառապես թուրքական տեսանկյունից: Համացանցում մի շարք օգտատերեր այն վերանվանել են «Turkish diviner»:

 

Ֆիլմի պրեմիերան կայացել է դեկտեմբերի վերջին Ավստրալիայում եւ Թուրքիայում միաժամանակ: ԱՄՆ-ում նախատեսում են ֆիլմը ցուցադրել ապրիլի 24-ին: Ֆիլմում գլխավոր հերոսը Ռասել Քրոուն է, նա նաեւ ֆիլմի ռեժիսորն է: Կազմում շատ են թուրք դերասանները, ընդհանրապես նկարահանումների գերակշոռ հատվածը տեղի է ունեցել հենց Թուրքիայում: